Ուիթնի Հյուսթոնին սպանե՞լ են
Աշխարհահռչակ երգչուհին մահացել է ոչ թե թմրանյութի մեծ չափաբաժին օգտագործելու հետևանքով, այլ նրան սպանել են։ Այս մասին, ըստ Radar News-ի, հայտարարել է մասնավոր խուզարկու Փոլ Հյուբլը։
Հյուբլն անկախ հետաքննություն է անցկացրել և եկել այն եզրակացության, որ Հյուսթոնին ամենայն հավանակությամբ սպանել են թմրամիջոցների խոշոր առևտրով զբաղվողները, որոնց երգչուհին մեծ պարտքեր է ունեցել։ Իր հետաքննության արդյունքները խուզարկուն տրամադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին։
Հյուբլը հետաքննության ընթացքում տեղեկություններ է հավաքել թմրամիոջների առևտրով զբաղվող անձանցից։ Նա պարզել է, որ մահվան նախորդ օրը երգչուհու համար կոկաին են բերել, իսկ հետո նա բողոքել է, որ դիլերների կողմից իր հասցեին սպառնալիքներ են հնչում, քանի որ նրանց պարտք է մոտ 1.5 միլիոն դոլար։ Ըստ խուզարկուի, Հյուսթոնի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները խոսում են այն մասին, որ նրան ծեծել են։ Նա նաև նշում է, որ երկու հավանական մարդասպաններին նկարահանել են հյուրանոցի տեսախցիկները։
Հիշեցնենք, որ Հյուսթոնը մահացել է 2012թ. փետրվարի 11-ին Լոս-Անջելեսում։ 49-ամյա երգչուհու մարմինը գտել էին հյուրանոցի իր համարի լոգարանում։ Փորձաքննության արդյունքներով, երգչուհու մահվան պատճառ է դարձել կոկաինի մեծ չափաբաժինը և սրտի անբավարարությունը։