
Խորհրդակցություն օպերատիվ շտաբում

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Անդրադառնալով բնակչության ռեգիստրում անճշտությունների վերացման, ընտրացուցակներում թյուրիմացությունները բացառելու խնդրին` Հունան Պողոսյանը կարևորել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայությունների աշխատանքն ու մեծ պատասխանատվությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանական վերակարգերի ծառայության խնդիրները, ինչպես նաև նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում հասարակական կազմակերպությունների, առաջադրված թեկնածուների, նրանց նախընտրական շտաբների և զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության անհրաժեշտությունը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում Հունան Պողոսյանն անդրադարձել է օրակարգային մի շարք այլ հարցերի ևս, տրվել են կոնկրետ հանձնարարականներ: