Բաժիններ՝

Արդյունաբերությունն ու «ստրիպտիզանոցի» ռուս պարուհու ազդրերը

Shamshyan.com-ը բանաստեղծ Արտեմ Հարությունյանից հետաքրքրվեց Տերյան փողոցի Գրողների միության բնակելի շենքի ներքնահարկում գործող «Օմեգա» գիշերային ակումբի հետ կապած խնդրով, որը բանաստեղծը բավական երկար ժամանակ բարձրաձայնում է մամուլով և հեռուստատեսությամբ:

Արտեմ Հարությունյանը պնդում է, որ գիշերային ակումբը չպետք է տեղակայված լինի բնակելի շենքի տակ, այն էլ` Աղբալյանի անվան դպրոցի հարևանությամբ. «Այդպես չի կարելի, չէ՞ որ երեխաներ են անցնում: Ստրիպիզանոցը շենքի տակ չի կարող լինել: Առաջ մայթին ստենդների վրա մերկ կանանց նկարներ էին փակցնում, որոնք ուսուցիչների բողոքելուց հետո հանվեցին: Հիմա աղմուկը քչացրել են: Ինչ խոսք, ինչպիսի վարք էլ որ դրսեւորի ակումբը, խնդիրն այն է, որ քաղաքի կենտրոնում է գտնվում: Ամռանը ռուս կիսամերկ աղջիկներ են իջնում ավտոբուսներից, հետո ակումբից հարբած դուրս թափվում: Նրանց թվում նաեւ թմրամոլներ կան, որոնց ստիպված ետ են ուղարկում: Հեսա «նովրուզ-մովրուզ» որ սկսվեց, պարսիկները պուդրա քցած դեմքերով խուժելու են»:

Հարությունյանի խոսքով. «Հատուկ որոշումով ակումբները պետք է քաղաքից դուրս հանել, ինչպես հանեցին խաղատները: Ճիշտ է, էլի անհաջող տեղ տարան եւ Էջմիածնի ճանապարհին ասֆալտի պես սփռեցին. Լաս Վեգաս ենք, ինչ ենք…: Բնակչության կեսը հաց առնելու համար երկու կոպեկ չունի, իսկ մենք շքեղ բաներ ենք ցույց տալիս: Եվրախորհրդի անդամները գան տեսնեն` կասեն` «հազար հատ կազինո կա, այս ի՞նչ հարուստ հասարակություն է»: Կարծում եմ` խնդիրը աստիճանաբար կշտկվի, բայց ստրիպտիզանոցները հատուկ հիմնարկներ են, որոնք պետք է պետությունն իր ձեռքը վերցնի: Ամերիկայում դրանք ինտենսիվ վերահոսկողության տակ են եւ տեղադրված են ամայի վայրերում, որտեղ անգամ դպրոցական չի գնում-գալիս»:

Բանաստեղծը նաև ասաց, որ իր բողոքների մեծ մասն անարձագանք է մնացել. «Անգամ վարչապետին եմ դիմել: Կարծիք հնչեց, որ ստրիպտիզանոցները մեծ հարկեր են տալիս, որոնք պետք են պետությանը: Բայց ռուս պարուհու ազդրերի հաշվի՞ն պետք է մեր արդյունաբերությունը զարգացնենք: Ուրիշ ձև չկա՞…»:

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս