
Անիսոնյանի ընտանիքը 60 միլիոն է պահանջում Bentley-ից

ՃՏՊ-ի զոհ դարձած գործարար Ալեքսանդր Անիսոնյանի ընտանիքը դատարան է դիմել՝ Bentley Moscow դիլերական ընկերությունից պահանջելով 60 միլիոն ռուբլի փոխհատուցում։ Ընտանիքը պնդում է, որ մահվան պատճառ է հանդիսացել այն, որ մեքենայի անվտանգության բարձիկները վթարի պահին չեն գործել։
Առաջին դատական նիստը տեղի կունենա Տվերի շրջանային դատարանում հաջորդ տարվա հունվարի 14-ին։
«Վեդոմոստի»-ն հիշեցնում է, որ «Յունիթեք Development Projects» ընկերության սեփականատեր Անիսոնյանը զոհվել էր փետրվարի 8-ին։ Մոսկվայի կենտրոնում նրա վարած Bentley Continental GT-ին ձախ կողմից հարվածել էլ «ԿամԱԶ»-ը։ Bentley-ի կողային անվտանգության բարձիկները չէին գործել, ինչի արդյունքում վարորդը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել և ժամեր անց մահացել հիվանդանոցում։
Փորձաքննության արդյունքներով, նման հարվածի ժամանակ բարձիկները պետք է գործեին։ Սակայն Bentley-ի ներկայացուցիչները գտնում են, որ տվյալ դեպքում հարվածը բարձրից է եղել, և մեքենաարտադրողն այստեղ մեղք չունի։