Դերոն փնտրում է «ձկներին», որպեսզի կարողանա գլխից բռնել
Առողջապահության ոլորտում Կառավարության կողմից հաստատված գրեթե բոլոր ծրագրերն իրագործվել են։ Այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում, ըստ «Ա1+»-ի՝ ասել է ԱՆ նախարար Դերենիկ Դումանյանը։ «Միակ հարց, որը հետաձգել ենք հաջորդ տարվան, Վայոց ձորի արդիականացման ծրագիրն է, քանի որ խնդիրներ կային, որ պետք է հստակեցնեինք մարզպետի հետ»,- ասել է նա։
2012-ի գլխավոր ձեռքբերումներից Դերենիկ Դումանյանն առանձնացրել է մարզերի համաչափ զարգացման ծրագիրը, որով շարունակվել է դեռևս 2007թ.-ից սկսված առողջապահական համակարգի արդիականացման ծրագիրը։
«Այդ թվականից մինչև այսօր Հրազդանի, Իջևանի, Արմավիրի, Արարատի, Գորիսի, Ապարանի և Գավառի բժշկական կենտրոններն են վերակառուցվել, իսկ այս տարի բացեցինք առաջին լիովին նոր բազմապրոֆիլ հիվանդանոցը Գյումրիում»,- ասել է Դերենիկ Դումանյանը։ Այս ծրագիրը շարունակվելու է նաև 2013թ., և ինչպես նշեց նախարարը՝ արդեն իսկ սկսվել են Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնների վերակառուցման աշխատանքները։
2013թ. Առողջապահության նախարարությունը նախատեսում է նաև բարձրացնել բժիշկների աշխատավարձը։ Նախարարի խոսքով՝ կբարձրացվեն նաև բուժհաստատություններում աշխատող այլ մասնագետների աշխատավարձերը։ Իսկ աշխատավարձերը նախատեսվում է բարձրացնել բոնուսների համապատասխան բաշխման միջոցով, քանի որ բյուջեով այդ նախատեսված չէ։ «Պայմանագրերը կնքելիս մենք այնտեղ սահմանելու ենք նվազագույն աշխատավարձ յուրաքանչյուր կատեգորիայի մասնագետի համար։ Դրանով մեզ կհաջողվի նվազագույն աշխատավարձ սահմանել, որ դրանից ավել գործաղությունների համար միջոցներ նախատեսվեն»,- ասել է Դումանյանը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նաև նշել է, որ եթե կհայտնվեն մարդիկ՝ անկախ պաշտոնից, և կթերանան իրենց պարտականությունները կատարելիս, նրանց նկատմամբ ներում չի լինելու։
«Առողջապահության ոլորտում մենք դեռևս ուզում ենք հայտնաբերել այդ մեծ ձկներին, որպեսզի գլխից կարողանանք բռնել»,- ասել է Դումանյանը։
Ըստ նրա՝ ինքը խնդիր չունի և եթե կհայտնվեն մարդիկ, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարի` անկախ իրենց մեծությունից` բոլոր իմաստներով, կպատժվեն: