
Աշոտյանը Ադիբեկյանի հացին «վայիս» է լինում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում «վերլուծական» գրառում է տեղադրել, որը վերնագրել է այսպես. «Այս ընտրություններում կհաղթի նաև ընդդիմությունը»: Աշոտյանի գրառումն ավելի շատ նման է սոցհարցման արդյունքների հրապարակման:
«Վերջին մի քանի համապետական ընտրությունների արդյունքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էլեկտորատն ունի մոտավորապես հետևյալ կառուցվածքը.
մոտ 40 %-ն իշխանական ձայներ են, որոնք միշտ քվեարկում են հօգուտ գործող ղեկավարության,
մոտ 35 %-ն ընդդիմադիր ձայներ են, որոնք երբեք ձայն չեն տալիս գործողներին և քվեարկում են հակաիշխանական ուժերի համար՝ անկախ այդ ուժերի իրական քաղաքական կշռից և տրամաչափից:
Մնացյալ շուրջ 25%-ն այն ձայներն են, որոնց ընտրական կողմնորոշումը մեծապես կախված է հենց քարոզարշավի ընթացքում թեկնածուներից ստացած տպավորությունից:
Հետևաբար գալիք նախագահական ընտրություններին.
1. Գործող Նախագահը կարող է հավաքել շուրջ 60-65 % ձայն՝ կախված քարոզարշավի ընթացքից:
2. Ընդդիմադիր էլեկտորատի լիարժեք մոբիլիզացման համար ոչ իշխանական թեկնածուները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն և հանեն իրեն «հետլևոնական» նիրհից:
3. Ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կարող են դառնալ Հայաստանում 2-3-րդ ձայն ու կշիռ ունեցող քաղաքական դերակատարները և հետընտրական ժամանակահատվածում իրենց շուրջը վերաձևավորեն ընդդիմադիր դաշտը` ազգայինից մինչև լիբերալ:
Եզրափակելով, հավելեմ, որ ակնհայտ հաղթողի պարագայում գալիք ընտրությունները կարող են դառնալ Հայաստանում նոր ընդդիմադիր կոնֆիգուրացիայի սկիզբ:
Նոր որակի, նոր գործելաոճի, նոր մտածելակերպի ընդդիմության, ինչի կարիքն ունենք ԲՈԼՈՐՍ»,- գրել է Աշոտյանը: