Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ԱԳՆ շենքից` կառավարությունն այն աճուրդի է հանում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը աճուրդի է հանում ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Այդ մասին որոշման նախագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
Հատկանշական է, որ խոսքը հենց այն գույքի մասին է, որ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ օտարվել էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Եթե կառավարությունն արդեն իր իսկ որոշմամբ վաճառած շենքը կրկին աճուրդի է հանում` նշանակում է նախորդ գնորդը հրաժարվել է գործարքից:
Ինչպես եւ Է. Էռնեկյանին վաճառքի պարագայում` թիվ 2 մասնաշենքը գնահատված է 20.6 մլրդ դրամ (աճուրդի մեկնարկային գինը` 50.7 մլն դոլար): Սակայն այս անգամ կառավարությունը դրան ավելացրել է նաեւ մոտ 0.4 հա հողամասի (որի վրա գտնվում է շենքը) վաճառքը` 235 մլն դրամ կադաստրային արժեքով (1 քառ. մետրը` 60 հազ. դրամ): Գնորդը նաեւ պարտավոր է հատուցել գույքի գնահատման վրա ծախսված 800 հազ. դրամը: Այսպիսով` մասնաշենքի ընդհանուր արժեքը աճում է մինչեւ 51.3 մլն դոլար: