Քաղաքականությունը «մեծիկների» խաղ է (լուսանկարներ)

Կապան քաղաքի երեխաները համախմբվել են «Ես եմ» շարժման ներքո: Շարժումը կազմավորվել է ամիսներ առաջ՝ Կապանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ:

168.am-ի հետ զրույցում «Ես եմ» շարժման աջակից Սամվել Ամիրաղյանն ասաց. «Երբ այցելեցինք Կապան քաղաքի «Լիդերների» դպրոց, նրանց՝ քաղաքապետի թեկնածուին հղած հարցերից պարզ դարձավ, որ երեխաները մտածում են, կարողանում եմ հասկանալ՝ ինչն է լավ, ինչն է վատ իրենց համար: Գիտեն՝ ինչպես կարող են իրենց քաղաքն ու իրենց կյանքն առավել գեղեցիկ ու գունավոր դարձնել: Մի քանի անգամ հանդիպեցինք, զրուցեցինք, լսեցինք միմյանց առաջարկությունները, ցանկությունները:

Երեխաները հասկացան, որ եթե կա ցանկություն, ապա հնարավորություն ևս կա՝ ցանկություններն իրականացնելու համար՝ թեկուզ և առանց ֆինանսի: Հենց առաջին հանդիպումների ընթացքում առաջացան պահանջներ՝ այգի, մաքուր փողոցներ, նկարազարդ կամարանցումներ ունենալու: Եվ քանի որ նպատակը կար՝ երեխաները գործի անցան: Թեև շարժումը կազմավորվել է քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, սակայն այն երբեք ոչ մի կապ չի ունեցել ու չի ունենա քաղաքականության, ինչ-որ մեծական խնդիրների հետ: Երեխաներին ասվել է, որ քաղաքականությունը «մեծիկների» խաղ է, իսկ իրենք պետք է խաղան միայն «փոքրիկների» խաղերը, ոչ մի առնչություն երբեք ոչ մի քաղաքական շարժման, ուղղության հետ նրանք ունենալ չեն կարող»:

Սամվել Ամիրաղյանը նաև տեղեկացրեց, որ շարժման մասնակիցները կազմել, նախագծել, իրականացրել են և դեռ շարունակում են իրականացնել իրենց ցանկությունները: Շարժումն ունենալու է նաև իր հիմնը, որի համար երեխաները նամակ էին գրել Վլադիմիր Արզումանյանին՝ նրա «Միասին» երգը կատարելու համար թույլտվություն խնդրելու նպատակով: «Վլադիմիր Արզումանյան, մենք` «Ես եմ» երիտասարդական շարժման ակտիվիստներս, դիմում ենք Ձեզ խնդրանքով, որ թույլ տաք Ձեր «Միասին» երգը դարձնենք մեր շարժման հիմնը: Խնդրում ենք արձագանքել մեր խնդրանքին: Կանխավ շնորհակալ ենք»,- այս նամակով էին դիմել շարժման մասնակիցները երգիչ Վլադիմիր Արզումանյանին, ով այդպես էլ իր թույլտվությունը չի տվել երեխաներին՝ երգն իրենց շարժման հիմնը դարձնելու համար:

««Ես եմ» շարժման երեխաների միջոցով այսօր Կապան քաղաքն ունի մաքուր, ինտերնետին միանալու WIFI հնարավորությամբ այգի: Ունի նկարազարդ կամարանցում, որ, ի դեպ, ամբողջությամբ երեխաների ձեռքի աշխատանքներն են: Երեխաներից Ադամ Ադամյանը նկարել է կամարանցումի պատերի էսքիզները, ապա ողջ թիմով սկսել են ներկել: Եթե Երևանում նման բան լիներ, ապա անպայման միջինը մի 2 մլն դրամ կպահանջվեր, իսկ երեխաներն իրենք կարողացել են նկարել և մաքրել տարածքը, և հավատացեք, շատ երևանյան կամարանցումներից գեղեցիկ է ստացվել: Այս ընթացքում պարզ դարձավ, որ թիմում կան շատ տաղանդավոր մոնտաժողներ, ռեժիսորներ, նկարիչներ, երգողներ, ասմունքողներ»,- ասաց Սամվել Ամիրաղյանը:

Նշենք, նաև, որ երեխաներին հաջողվել է Կապանում բնակվող, հաշմանդամության խնդիր ունեցող մի քանի տասնյակ անձանց իրենց բնակարաններից դուրս բերել: «Երեխաները որոշել էին, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ արդեն երկար ժամանակ է, ինչ կտրված են շրջակա միջավայրից և իրենց մասնակցությունը ևս պետք է ունենան իրենց քաղաքի ծաղկեցման գործում: Որոշեցին, բաժանվեցին խմբերի և հերթով, տուն առ տուն մտնելով, համոզելով այդ մարդկանց՝ դուրս հանեցին իրենց տներից: Իսկ միայնակ ապրող տատիկների ու պապիկների տները երեխաների միջոցով ամեն շաբաթ-կիրակի օրերին մաքրվում են: Կապանի ծերերն իրենց առավել արժևորված են զգում, առավել գնահատված: Անգամ պատրաստ են և երեխաների հետ կիսում են իրենց մի կտոր հացը, միրգը և այն, ինչ կարող են»,- մեզ հետ զրույցում ասաց շարժման աջակից Ս. Ամիրաղյանը:

Տեսանյութեր

Լրահոս