Միևնույն է՝ ես պահանջատեր եմ և երբեք չեմ նահանջելու

2008թ. Մարտի 1-ի դեպքերի զոհ դարձած Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, թե իր համար անսպասելի է եղել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման մասին որոշումը: «Տխրեցի, երբ իմացա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում»,- ասաց նա:

Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք նա չի՞ հուսահատվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հույսեր ունեին, թե Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության գալով՝ ի վերջո, կբացահայտվի Մարտի 1-ի ոճրագործությունը:

Ի պատասխան, Ալլա Հովհաննիսյանն ասաց. «Ես արդեն համոզվել էի՝ տեսնելով անհանդուրժողականությունը Հանրապետական կուսակցության կողմից, որ արդար ընտրություններ չեն լինելու: Միգուցե հենց սա՞ էր պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց չառաջադրվել: Բայց որքան էլ տխրել եմ, միևնույն է՝ երբեք պայքարից հետ չեմ կանգնի: Շատ լավ կլիներ, որ իշխանությունը փոխվեր, որովհետև ես համոզված եմ, որ նրանց օրոք Մարտի 1-ը չի բացահայտվելու, բայց սա չի նշանակում, որ ես պետք է արդարությանը հասնելու իմ նպատակից նահանջեմ: Ուզում եմ սրա մասին իմանան բոլորը՝ իշխանավորները, այլընտրանքը, կեղծ ընդդիմությունը, որ միևնույնն է, ես պահանջատեր եմ ու երբեք հետ չեմ կանգնի Մարտի 1-ի բացահայտման, այս իշխանություններից ազատվելու գործերից»:

Ալլա Հովհաննիսյանը նաև հավելեց. «Այս իշխանություններն, իհարկե, չեն կարող լուծել հարցը, իրենք են գնդակահարել իմ երեխային, ինչպե՞ս պետք է լուծեն հարցը: Իրենք մենակ այլ պետությունների սխալներն են տեսնում, բարձրաձայնում որևէ երկրում որևէ մեկին սպանելու դեպքերը, հարյուր տարի առաջվա ցեղասպանությունը: Բայց այն, ինչ իրենք են արել, երբևէ չեն բարձրաձայնի: Իշխանության գործելաոճը միայն իմիտացիան է:

Կարդացեք նաև

Թող իրենք էլ համոզված լինեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելով՝ մենք հաստատ հետ չենք կանգնի: Արմեն Աշոտյանը հեռուստացույցով ասում է՝ թե ընտրություններից առաջ նոր հիշեցի՞ն պատմության դասագիրքը: Այդ դասագիրքը Դուք տպել եք, տարել պադվալներում եք պահել, ի՞նչ եք արել, չգիտեմ, բայց ես դրա մասին նոր եմ իմացել՝ ինտերնետից: Որևէ թեկնածուի դնել-չդնելը որևէ կապ չունի նրա հետ, որ ես պահանջում եմ դեպքերը ճիշտ ներկայացնել»:

Մեր հարցին, թե՝ հավատո՞ւմ եք, որ նախագահական ընտրություններից հետո կստեղծվի Մարտի 1-ի հարցով զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, որը, ինչպես հայտնի է՝ ՀԱկ անդամ Գագիկ Ջհանգիրյանի ու ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի համաձայնությամբ հետաձգվեց 2013 թվական, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց.

«Դավիթ Հարությունյանը հրապարակային խոստացել է, որ նախագահական ընտրություններից հետո կստեղծվի այս հանձնաժողովը: Հույս ունեմ՝ նա չի դրժի իր խոստումը: Ես ասել եմ ու կասեմ, որ այս իշխանությունների օրոք որևէ զգալի բացահայտում չի սպասվում: Ինձ ասում են՝ եթե կարծում եք, որ այս իշխանությունների օրոք չի բացահայտվի, ինչո՞ւ եք բարձրաձայնում: Բայց մենք պետք է անընդհատ բարձրաձայնենեք, որ հանկարծ այս հարցը չքնի: Մեզ մոտ մոնղոլաթաթարական իշխանություն է, կարող է 20 տարի անց բան չփոխվի, ուրեմն՝ պետք է 20 տարի չխոսե՞նք այս մասին: Հանձնաժողովը, կարծում եմ՝ կստեղծվի, բայց էական որևէ բացահատում չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս