Բաժիններ՝

Ամանորին ոստիկաններն իրենք տեղ կհասցնեն քաղաքացիներին

Տոնական օրերին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների քանակը Երևանում կրկնակի կավելանա, և կիրականացվի 24-ժամյա ծառայություն:

«Նախատոնական և տոնական օրերին ոչ մի ճանապարհային ոստիկան հանգստանալու ժամանակ չի ունենա, բոլորը խստացված ծառայություն են իրականացնելու, հատկապես առևտրի վայրերում»,-այսօր` դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը «Ֆորում» մամուլի ակումբում ասաց ՀՀ ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար (Երևանի ՃՈ պետ) Արսեն Արշակյանը:

Երևանի ՃՈ պետը զգուշացրեց նաև, որ ոչ մի վարորդի հանդեպ ներում չի լինի, եթե վերջինս անգամ մեկ բաժակ ալկոհոլ օգտագործած լինի:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, ոչ մի ներում չի լինելու: Այն վարորդը, ով թեկուզ մեկ բաժակ ալկոհոլ օգտագործած լինի` ենթարկվելու է վարչական պատասխանատվության, սակայն, դրանից չեն տուժելու մեր քաղաքացիները»,-ասաց Ա. Արշակյանը` հավելելով, որ ՃՈ աշխատակիցն ինքը այդ մեքենայի ուղևորներին կտեղափոխի իրենց ցանկացած վայրը:

Ա. Արշակյանը նաև հավաստիացրեց, որ «գոլդ» համարանիշերով մեքենաներն ու նրանց վարորդները չեն արժանանա հատուկ վերաբերմունքի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, Ֆորում մամուլի ակումբում ասաց ՀՀ ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

«Մեքենան չի կարող ունենալ անուն կամ հատուկ վերաբերմունք, քանի որ այն երկաթ է, դա միայն ունի պետհամարանիշ: Մենք ոչ ոքի չենք ներելու, ոչ մի սխալ չի ներվելու այն պատճառով, որ խախտում կատարողը այս կամ այն պաշտոնյան կամ նրա ազգականն է»,-նշեց Ա. Արշակյանը:

Երևանի ՃՈ պետը տեղեկացրեց, որ 2012թ. ընթացքում Երևանում տեղի է ունեցել 930 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 79 մարդ, իսկ մարմնական վնասվածքներ է ստացել 1231 քաղաքացի:

Արսեն Արշակյանը նշեց նաև, որ ՀՀ ճանապարհներին ընդհանուր առմամբ կա 43 արագաչափ սարք, որից 37-ը գտնվում է մայրաքաղաք Երևանում:

«Մի՛ խախտեք ՃՈ կանոնները, և մի՛ կանգնեք փաստի առաջ»,-քաղաքացիներին հորդորեց ՀՀ ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

 

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս