«Երևանի ամանորյա ձևավորումը գավառական կերպով է արվում»
Երևանի հիմնական բացթողումն այն է, որ օրենքի նկատմամբ արհամարհանք կա բոլորի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Ըստ նրա՝ խնդիրներ կան, որոնք անգամ այն մարդիկ, որոնց մենք մեղադրում ենք այս կամ այն խնդրում, նրանք էլ ի վիճակի չեն լուծելու այդ խնդիրները:
Հաղթանակ Շահումյանի խոսքով` շատ տարերային է կատարվում Երևանի զարդարումը: Ըստ նրա` քաղաքի տոնական տեսքն ապահովելը գավառական կերպով է կատարվում. «Պետք է ամեն ինչ համակարգված անել»,- ասում է նա:
Երևանի նախկին գլխավոր նկարչի խոսքով՝ քաղաքի տարբեր մասերում ամանորյա զարդարումը տարբեր կերպով է կատարվում, այնինչ պետք է ունենալ ընդհանուր հայեցակարգ:
Հաղթանակ Շահումյանը նաև ասաց, որ ցավալի է, որ Փակ շուկան կերպարանափոխվել է՝ չնայած վրան գրված է, որ հուշարձանը չի քանդվելու է. «Դա սեփականատիրոջ մեղքը չէ, ուղղակի այդ մարդուն պետք է հասկացնել` ինչ է պետք անել: Փակ շուկան եզակի կառույց է»:
Հաղթանակ Շահումյանը նաև նշեց, որ Երևանի պատմական հուշարձանների մեծ մասը վերացվել են, ինչի արդյունքում Երևանն անգամ 40 տարվա կենսագրություն ունենալու տեսք չունի: