Դասախոսը սպառնում էր «պապայի բալեքին» ինստիտուտից «կտրել»
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանման տարածք են տեղափոխել Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի բնակիչ Յուրի Գասպարյանին պատկանող «Mercedes» մակնիշի 01 ԼՍ 194 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանման տարածք, քանի որ դիմապակուն փակցված է եղել ԱՊՊԱ կտրոն, որի ժամկետը լրացած է եղել, իսկ նոր ԱՊՊԱ կտրոն վարորդը չի ունեցել:
Արդեն ՃՈ հատուկ պահպանման տարածքում Յու. Գասպարյանը սկսել է սպառնալ ՃՈ աշխատակիցներին, թե բոլորի հարցերը լուծելու է, ինքը խնդիրներ չունի և ոստիկանները փոշմանելու են իրենց արարքի համար: Տեսնելով, որ ոստիկանները անդրդելի են, օրինախախտ վարորդը սպառնացել է նաև, թե՝ սաղ ձեր կառույցի պապայի բալեքի երեխաներին ինստիտուտից դուրս է թողնելու. «Հեսա գնալու եմ, սաղի բալեքին կտրեմ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, իր տեղեկություններով, երեխեքին «կտրողը» աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես դասախոս: