Ռուբեն Հայրապետյանը դեպքի օրը եղել է ռեստորանային համալիրում, բայց ոչ ծեծկռտուքի ժամանակ
Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը: Երեկ ավարտվեց գործով վկա Հրաչյա Զոհրաբյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նա «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ի տնօրենն է, որին էլ պատկանում է նաև «Հարսնաքար» ռետորանային համալիրը:
Դատական նիստի ընթացքում գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը վկայից հետաքրքրվեց. «Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառ հանդիսացել սույն դժբախտ իրադարձության կատարման համար»: Ի պատասխան, վկան ասաց. «Առիթ է հանդիսացել սպորտային համազգեստը, իսկ խմած լինելու հետ հանդերձ՝ ավելի է սրացել իրավիճակը: Պատճառն այն էր, որ հաճախորդները խմած են եղել և չեն կարողացել իրենց կառավարել»:
Նրա խոսքով՝ գործով ամբաստանյալները նպատակ են ունեցել հանդարտեցնել իրավիճակը՝ ասելով, որ՝ «եթե ինքը չի սխալվում», ամբաստանյալները տուժողներին ուղեկցել են դեպի ավտոկայանատեղի, որպեսզի նրանց ճանապարհեն: Պաշտպանը հետաքրքրվեց նաև` արդյոք անվտանգության աշխատակիցները տեղյակ են` որտե՞ղ են տեղադրված տեսանկարահանող սարքերը, Զոհրաբյանը պատասխանեց՝ ոչ:
«Ձեր ռեստորանային համալիրում առանց պատճառի, առանց առիթի նկատողություն անո՞ւմ կամ ծեծո՞ւմ են» հարցին վկան պատասխանեց, թե նման բան չի լինում: Հ. Զոհրաբյանը պատասխանեց նաև գործով տուժողների ներկայացուցիչների Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հարցերին: Այս անգամ ևս տուժողի ներկայացուցիչներին հետաքրքրում էին հարցեր՝ կապված ռեստորանային համալիրի աշխատակիցների հետ: Զոհրաբյանն ասաց, որ դեպքի օրը՝ հունիսի 17-ին, ռեստորանային համալիրում աշխատել են երկու պահակներ՝ Խաչիկ և Կառլեն անուններով:
Ըստ նրա՝ Կառլեն անունով պահակը դեպքից մի քանի ամիս անց հեռացվել է աշխատանքից: Իսկ գործով ամբաստանյալների աշխատանքը կասեցվել է, քանի որ նրանք այժմ կալանավորված են: Տ.Եգորյանը նաև հետաքրքրվեց` որքա՞ն ժամանակ է տևել գործով ամբաստանյալների փորձաշրջանը, ովքեր հետագայում համալիրում աշխատանքի են անցել` որպես անվտանգության աշխատակիցներ: Հ. Զոհրաբյանը պատասխանեց, որ Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Գարիկ Մարգարյանի փորձաշրջանը տևել է մի քանի օր՝ կախված նրանից՝ ինչպես են նրանք իրենց դրսևորել: Իսկ աշխատանքի ընդունելիս հաշվի են առնվել այն հանգամանքները, որ նրանք հիմնականում Ավան վարչական շրջանի բնակիչներ են եղել, չեն խմել, կարողացել են հարթել բարդ իրավիճակները:
Նա նաև հայտնեց, որ ինքը տեղյակ է, որ ամբաստանյալ Գ. Մարգարյանը, երբեմն նաև մատուցող Դավիթ Ադամյանը զբաղվել են ֆիթնեսով: Գործով ամբաստանյալ Դ. Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը ևս դատական նիստի ընթացքում հարցեր ուղղեց վկա Հրաչյա Զոհրաբյանին: Վկան նշեց, որ ինքը զարմացել է, որ Դ. Ադամյանը հարվածել է տղաներից մեկին, քանի որ, ըստ նրա, մատուցողը բնավորությամբ հանգիստ, նույնիսկ «վախկոտ անձնավորություն» է: Նրա խոսքով՝ «ամենածանր» սեղանները հենց նա է սպասարկել, քանի որ կարողանում է շփվել մարդկանց հետ: Նա դատարանին հայտնեց, որ Ադամյանն իրավասու է եղել Վահե Ավետյանին նախազգուշացնել սպորտային համազգեստի համար:
Պաշտպան Մկրտչյանի հարցին` արդյոք Հրաչյա Զոհրաբյանը տեղյա՞կ է, որ գործով տուժողները մատուցող Ադամյանին օղի խմելու առաջարկ են արել, որից նա հրաժարվել է, վկան պատասխանեց՝ ոչ: Նրա խոսքով՝ երբ Դ. Ադամյանն իրեն ասել է, որ միջադեպ է տեղի ունեցել հաճախորդների միջև, ինքը բարկացել է նրա վրա՝ ասելով, որ ոչ մի դեպքում նա իրավունք չուներ հարվածելու հաճախորդին: Դրանից հետո ինքը նրան ուղարկել է մատուցողների սենյակ: Ըստ վկա Զոհրաբյանի՝ մատուցող Ադամյանը չի մասնակցել վիճաբանությանը: Հարցին` որտեղի՞ց է վկան տեղյակ, որ գործով տուժողները գինովցած են եղել, Հ. Զոհրաբյանը պատասխանեց, որ դրա մասին իրեն հայտնել եմ մատուցողն ու մենեջերը. «Մենեջերն ինքն է մոտեցել տղաներին, խոսել նրանց հետ, և երևի համոզվել է, որ նրանք խմած են եղել»:
Զոհրաբյանն ասաց, թե ինքը բոլոր ամբաստանյալներին ճանաչում է` որպես «հանգիստ» անձանց, ովքեր «բարեխղճորեն» իրականացրել են իրենց պարտականությունները: Հ. Զոհրաբյանի խոսքով` իր համար բոլոր ամբաստանյալներն էլ դրական անձնավորություններ են եղել: Ըստ նրա` իրեն հայտնի չէ, թե ինչ գործողություններ են կատարել ամբաստանյալները. «Ես տեղյակ չեմ` ով, ինչ չափով, ինչ մասնակցություն է ունեցել կամ չի ունեցել»:
Դատական նիստի ընթացքում մեղադրող Արմեն Մարուխյանը, ինչպես նաև տուժողների ներկայացուցիչ Տ. Եգորյանը միջնորդություն ներկայացրին՝ հրապարակելու վկայի նախաքննական ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան էական տարբերություններ: Դատարանը բավարարեց կողմերի միջնորդությունն ու հրապարակեց տուժողի ցուցմունքները:
Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր, որ Ն. Հայրապետյանն իրեն պատմել է, թե իրենք հարվածել են տուժողներին: Դատաքննության ընթացքում, սակայն, վկան ասաց, որ Ն. Հայրապետյանն իրեն պատմել է, որ միայն ինքն է հարվածել տղաներից մեկին: Վկան նշված հակասությունը բացատրեց նրանով, թե լարված իրավիճակ է եղել նախաքննության ընթացքում, և հնարավոր է, որ «մի բառ» սխալ է ասել:
Պատասխանելով գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին՝ վկան նշեց, որ դատաքննության ընթացքում իր տված ցուցմունքներն ավելի հստակ են: Հ. Զոհրաբյանի խոսքով` ժամանակային առումով առկա հակասությունները ևս պայմանավորված են եղել «Հարսնաքարի» շուրջը ստեղծված լարված իրավիճակով:
Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի հարցին՝ եղե՞լ է հանգամանք, որ ցանկացել եք ասել, բայց Ձեզ չեն թույլատրել, տուժողը պատասխանեց՝ ո՛չ: Նախաքննության ընթացքում վկան նաև հայտնել էր, որ ռեստորանային համալիրում տեսանկարահանումը պատշաճ չի իրականացվել 2011թ. աշնանը: Հ. Զոհրաբյանը նաև ասաց, որ ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը դեպքի օրը եղել է ռեստորանային համալիրում, բայց ինքը նրան չի տեսել, քանի որ ինքը համալիր ժամանել է մոտ 19:00-ին, և Ռուբեն Հայրապետյանին այնտեղ չի տեսել, որովհետև նա այնտեղ ավելի վաղ է եղել:
Միջադեպից հետո վկան զանգահարել է Ռ. Հայրապետյանին և ասել, որ միջադեպ է տեղի ունեցել հաճախորդների ու աշխատակիցների միջև. «Ինքը բարկացել է, լավ չի ընդունել, ինքն ընդհանրապես լավ չի ընդունում, երբ նույնիսկ փոքր միջադեպ է տեղի ունենում հաճախորդի հետ»:
Վկա Զոհրաբյանն ասաց, որ Ռ. Հայրապետյանին իր նախաձեռնությամբ է զանգահարել՝ ինֆորմացնելու նպատակով, և, որ հարմար է գտել հենց նրան զանգահարել: Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2013թ. հունվարի 14-ին: Դատարանը դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի ևս մեկ պաշտպան իրականացնի գործով մեղադրյալ Դ. Ադամյանի պաշտպանությունը. վերջինիս պաշտպան Ս. Մկրտչյանը դեկտեմբերի 25-ից հերթական արձակուրդի մեջ է լինելու: