Կապանցիները Գագիկ Ծառուկյանի ցուցումներին են սպասում
Հարցազրույց Կապանի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Կամո Աբրահամյանի հետ
– ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո ի՞նչ տրամադրություններ են տիրում Կապանում: Կուսակցականները հարցնո՞ւմ են, թե ինչ պետք է անեն, ում ընտրեն:
– Հլը որ սպասում ենք, տենց ցուցում չենք ստացել, սպասում ենք, տեսնենք, ով ինչ պիտի անի:
– Ե՞րբ պետք է ցուցում ստանաք:
– Չգիտեմ, երևի առաջադրումներն ավարտվեն, նոր կլինեն ցուցումները:
– ԿԳ նախարար, հանրապետական Արմեն Աշոտյանն ասել էր, որ շատ ԲՀԿ-ականներ հոգով-սրտով ՀՀԿ-ին կընտրեն: Կապանի ԲՀԿ-ականները կընտրեն ՀՀԿ-ի կթենածուին:
– Մեր մոտ սպասում ենք, որ նախագահի թեկնածուներն առաջադրվեն, հետո երևի մենք էլ ցուցումներ կստանանք մեր նախագահից:
– Թեկնածուներից որի՞ ընտրվելու հավանականությունն եք բարձր գնահատում:
– Հավանականը չեմ ասում, բայց հենց նախագահի թեկնածուները դնեն, Դուք զանգեք, և կոնկրետ կասեմ:
– Իսկ Կապանի կուսակցականների համար անակնկա՞լ էր Գագիկ Ծառուկյանի որոշումը:
– Հա, անակնկալ էր, որ չի դնելու:
Հիմա ի՞նչ տրամադրություն ունեն, հիասթափվա՞ծ են:
– Նորմալ, նորմալ… կապանցիները նորմալ են տարել: Ճիշտ է, ուզում էին, որ դներ, բայց որ չի դրել, դե, պարոն Ծառուկյանի որոշումն է դա: Մեր նախագահը ոնց ասի՝ նենց էլ անելու ենք:
– Որպես ԲՀԿ կառույցի ղեկավար՝ Դուք նո՞ւյնպես անակնկալի եք եկել, թե նախօրոք գիտեիք որոշման մասին:
– Չէ, նախօրոք չգիտեինք, որ չի առաջադրվելու, որովհետև էդ փոփոխությունը վերջին օրով ասաց, վերջին ժամանակները երևաց, որ չի դնելու:
– Կապանում չկողմնորոշվածներն ո՞ւմ կընտրեն: Պարտադիր ցուցումների՞ են սպասում, թե՞ Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո կան կուսակցականներ, որ արդեն կողմնորոշվել են:
– Չէ, չէ, նորից եմ ասում, նախագահի թեկնածությունների առաջադրումը վերջանա՝ մեզ երևի ցուցում կլինի: Էսօր մենք Կապանում մեզանից ուժ ենք ներկայացնում:
– Բայց, պարոն Աբրահամյան, պարոն Ծառուկյանը հայտարարել է նաև, որ ոչ մեկի թեկնածությունը ԲՀԿ-ն չի սատարում, էլ ի՞նչ ցուցումների մասին է խոսքը:
– Դե, պարոն Ծառուկյանից բարձր մարդ չկա մեր կուսակցությունում: Ինքը հայտարարել է, եթե նորից ցուցում կլինի, նորից եմ ասում, սաղ պարզ կլինի թեկնածուների որոշումից հետո:
– Կապանի կառույցը հիմա ինչո՞վ է զբաղված:
– Նոր տարվա ենք պատրաստվում, միջոցառում ենք անելու, կուսակցության անդամների հետ մեծ միջոցառում ենք անելու:
– Պարոն Աբրահամյան, Ձեր կարծիքն էինք ուզում իմանալ նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի շաբաթօրյա ելույթի մասին, երբ հայտարարեց, թե իրենց թեկնածուն`Սերժ Սարգսյանը, առանց որոշ մարդկանց արջի ծառայության՝ կարող է ընտրվել նախագահ: Ո՞ւմ նկատի ուներ Արթուր Բաղդասարյանը:
– Մենք ոչ մեկին չենք նեղացրել: Դե, Արթուր Բաղդասարյանն ինքն իր տեղն ասել է: Մենք ասել ենք, որ ոչ մեկին չենք սատարում:
– Համոզվա՞ծ եք, որ ԲՀԿ-ին նկատի չուներ:
– Չի կարա պարոն Բաղդասարյանը հայտարարի, թե մենք արջի ծառայություն ենք մատուցում, մենք արջի ծառայություն ոչ մեկին չենք մատուցել: Հաստատ մեզ նկատի չուներ: Եթե մեզ նկատի ուներ, պատասխանն արդեն ստացած կլիներ: Արթուր Բաղդասարյանը «Բարգավաճի» անուն չի տվել, ոչ մեկիս անուն չի տվել, ո՞նց կարանք ասենք` մեզ է վերաբերում: