
Երջանիկ Աբգարյան. «Կարծում եմ՝ անպայման առաջադրվելու է, ընդամենը վաղը կամ մյուս օրն ինքը կասի այդ մասին»

«Այդքան վստահ սպասում՝ այդ օրվա համար, ես չունեի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարանը` ի պատասխան հարցին, թե արդյոք նա սպասո՞ւմ էր դեկտեմբերի 22-ին` ՀՀՇ համագումարում, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարությանը:
«Իսկ ընդհանրապես սպասում ունե՞ք, որ առաջադրվելու է»՝ հետաքրքրվեցինք:
«Իմ կարծիքով` անպայման առաջադրվելու է, ընդամենը վաղը կամ մյուս օրն ինքը կասի այդ մասին»,- պատասխանեց Երջանիկ Աբգարյանը:
Իսկ մեր հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրմանը նախագահական ընտրություններում, ՀՀՇ անդամ պատասխանեց. «Նորմալ, մարդն ասաց` եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց, ապա ինքը չի խանգարի»:
Հիշեցնենք, որ շատերը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը սպասում էին ՀՀՇ համագումարի ժամանակ, սակայն ՀԱԿ առաջնորդն իր ելույթում երկու օր ժամանակ խնդրեց` այդ հարցի պատասխանը տալու համար: