«Եթե ամուսնանամ՝ հայ աղջկա հետ եմ ամուսնանալու». ազատամարտիկ Վիտալի Ռադչենկո
«Սիրում եմ հայ աղջիկների հասկանալու, ըմբռնելու կարողությունը: Լավ է, որ հիմնականում նյութականի հետևից չեն վազում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի Վիտալի Ռադչենկոն: Արցախյան պատերազմի տարիներին ընկերոջ հետ միասին Հայաստան եկած Վիտալին այդպես էլ հայրենիք չվերադարձավ:
«Այստեղ մարդիկ ինձ շատ ջերմ ընդունեցին, իրենց սրտում ու հոգում պահեցին: Ամեն կերպ աջակցում էին ինձ, օգնում: Այստեղ շատ ընկերներ ունեմ, ովքեր ինձ օգնում են թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես»,- մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկը:
Կյանքի մեծ մասը Հայաստանում ապրած Վիտալին արդեն հասցրել է ծանոթանալ հայկական մշակույթին, հայի կենցաղին, ավանդույթներին, երգին ու պարին: Ամեն բան հարազատ է՝ մարդիկ, անգամ դժվարությունները: Դեռ չեմ ամուսնացել: Արդեն 41 տարեկան եմ: Մի քիչ էլ ուշացել եմ՝ գիտեմ: Բայց ես էլ բոլոր կարիերա անել ցանկացողների նման մտածում եմ՝ մի բան ստեղծեմ, նոր ընտանիք կազմեմ: Չեմ կարող մի հրեշտակի բերել մի տեղ, որտեղ անգամ ես ինքս եմ ամաչում ապրել, բայց եթե ամուսնանամ՝ հայի հետ եմ ամուսնանալու»,- ասաց Վիտալին: Վերջինս արդեն 21 տարի Հայաստանում մի կացարանից մեկ այլ կացարան է տեղափոխվում՝ հուսալով, որ վաղն ամեն բան ավելի լավ է լինելու: Վիտալիից երիտասարդությունը «խլած» Արցախյան պատերազմն, իր խոսքով, իրեն շատ բան է տվել. սովորեցրել է ճիշտ ու արժանավայել ապրել:
«Ես եկա, որովհետև ուզում էի հասկանալ՝ ի՞նչ մարդ եմ, ի՞նչ եմ այս կյանքից ուզում, կարո՞ղ եմ կյանքս հանուն ընկերոջս տալ: Արդեն երկար տարիներ է՝ Հայաստանում եմ ապրում, խոսում եմ հայերի հետ իրենց մայրենի լեզվով: Մաքուր չեմ խոսում, բնական է, բայց հասկանում եմ մարդկանց, իրենք էլ՝ ինձ: Մեկ-մեկ սխալներ եմ անում, որոնք դիմացիններս ուղղում են, վերջիվերջո, ինձ բախտ չի վիճակվել Հայաստանում ծնվել: Ես ուկրաինացի եմ»,- ասաց Վիտալին: