Քաղաքական ուժերը չեն ցանկանո՞ւմ եթերում երևալ
Երևանի մամուլի ակումբն առաջիկա օրերին կներկայացնի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածն ընդգրկող հեռուստառադիոեթերի մոնիտորինգի արդյունքները: Ուսումնասիրվել են բոլոր համապետական հեռուստաընկերությունները և «Արմնյուզը»` որպես տեղեկատվական հեռուստաալիք, ինչպես նաև երկու ռադիոընկերություն`«Հանրային» ռադիոն և »Արմռադիոն»:
«Խտրականություն չենք նկատել: Նկատել ենք քաղաքական ուժերի կողմից եթերից երևալու բավականին պասիվ վերաբերմունք: Բովանդակային առումով ընտրություններին անդրադարձը շատ քիչ է: Ինչի՞ մասին են այս ընտրությունները, ինչպիսի՞ խնդիրներ են դառնալու մրցակցության, բանավեճի առարկա՝ բացարձակապես պարզ չէ»,- այս մասին 168.am-ին ասաց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ մոնիտորինգի առաջին փուլի արդյունքները ներկայացրել են նոյեմբերին, իսկ առաջիկա օրերին կտրվի ամբողջ ժամանակահատվածի ամփոփումը: Բորիս Նավասարդյանի խոսքով, ընտրված ժամանակահատվածն ավանդաբար շատ հետաքրքիր է լինում Հայաստանում, քանի որ հենց այդ շրջանում է հիմնական քաղաքական պայքարը ձևավորվում և իրականանում:
«Այս տարի մեծ տարբերություն կար, քանի որ հստակ չէր` ով է առաջադրվելու, այնպես որ՝ սուբյեկտները, ում դու պետք է հետևես, չկային կամ չափից դուրս շատ էին: Դա էր պատճառը, որ վերլուծության համար բավական քիչ նյութ կար»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ թեկնածուների պաշտոնական գրանցումից հետո ևս ԵՄԱ-ն հետևելու է հեռուստառադիոեթերին`պարզելու համար, թե ուսումնասիրվող հեռարձակողները որքանով են հավասար հնարավորություններ ապահովում գրանցված թեկնածուների համար: