
Մանվել Գրիգորյանի մարտական ընկերոջն ազատազրկեցին (տեսանյութ)

Շուրջ 2 տարի տևած դատական գործընթացը գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանի մասով այսօր հանգուցալուծվեց: Գյումրեցի ազատամարտիկին, ով իրեն համարում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ընկերն ու ծառայակիցը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, այսօր դատավճիռ հրապարակեց՝ ազատամարտիկին ազատազրկման դատապարտել 3 տարի ժամանակով և բացի այդ` նրա գույքից բռնագանձել 3 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:
Հովհաննես Բաղդասարյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 325 հոդվածի առաջին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ ՔՕ 325 հոդվածի առաջին մասով դատարանը վճռեց դատապարտել ազատամարտիկին ազատազրկման մեկ տարի ժամկետով և, կիրառելով համաներում, ազատ արձակեց, իսկ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի երրորդ մասով դատապարտեց ազատազրկման 4 տարի ժամկետով եւ դարձյալ ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատեց 1/4-ով և սահմանեց ազատազրկում 3 տարի ժամանակով: Դատարանը վճռեց նաեւ ազատամարտիկի գույքից բռնագանձել շուրջ 3 միլիոն դրամ գումար: Հովհաննես Միքայելի Բաղդասարյանն ու նրա փաստաբանը դատարանում հայտարարեցին, որ վճիռը բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ դատարանում: