Լյուդմիլա Սարգսյանը «ոչ մի ձևով» չի վերաբերվում Հրանտ Բագրատյանի թեկնածությանը
«Ոչ մի ձևով, որովհետև ես ունեմ իմ նախընտրելի թեկնածուն, բայց, լինելով Հրանտ Բագրատյանի ընկերը` ես մասնակցում եմ համագումարին»,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Լյուդմիլա Սարգսյանը` ի պատասխան հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի թեկնածությանը:
Լյուդմիլա Սարգսյանն ավելացրեց, որ, իր կարծիքով, այսօր իրականում կա մի թեկնածու` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով կարող է համախմբել ընդդիմադիր դաշտը:
Հարցին` իսկ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞, ՍԴՀԿ ատենապետը պատասխանեց. «Ավելի քան վստահ եմ»:
«Իսկ երբ կհայտարարի առաջադրման մասին»,- հետաքրքրվեցին լրագրողները:
«Դե խոստացել է՝ կասի»,- պատասխանեց Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, այսօր ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվեց՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու:
Արամ Սարգսյան