Հրանտ Բագրատյանը չի սպասում Չինաստանի պատասխանին

«Ազատություն» կուսակցության համագումարում կուսակցության շարքային անդամ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Վարդան Մարգարյանը կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին առաջադրեց ՀՀ նախագահի թեկնածու (համագումարի վերջում Մարգարյանը և կուսակցության ևս երկու անդամներ ընտրվեցին կուսակցության վարչության անդամ): Առաջադրումից հետո Բագրատյանը հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց, թե ընտրվելու դեպքում ինչպիսի նախագահ կլինի ինքը և ինչ խնդիրներ կլուծի իր նախագահության ընթացքում: Դրանից հետո կուսակցության համագումարի պատվիրակները միաձայն որոշում կայացրեցին՝ հաստատել նրա առաջադրումը: Համագումարից հետո մենք մի քանի հարց ուղղեցինք Հրանտ Բագրատյանին:

– Նույնիսկ համագումարի կողմից Ձեր թեկնածությունը առաջադրելուց և քվեարկվելուց հետո, պնդում եք, որ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, հրաժարվելու եք առաջադրվել, կամ ինքնաբացարկ եք ներկայացնելու:

– Այո, ես խոսք եմ տվել և մնալու եմ իմ խոսքի տերը: Այնպես չի լինելու, որ ես և Լևոն Տեր-Պետրոսյանը լինենք թեկնածուներ, և ընտրողները չկողմնորոշվեն, թե ում ձայն տան: Դա ես բացառում եմ:

– Բայց կա համագումարի որոշում, ինչպե՞ս եք Դուք վերացնելու համագումարի որոշումը:

– Համագումարը որոշեց ինձ թեկնածու առաջադրել, բայց պետք է լինի իմ որոշումը, իմ համաձայնությունը:

– Ի՞նչ է, Դուք դե՞մ եք համագումարի որոշմանը:

– Ես զգուշացրեցի համագումարին, որ կարող եմ հրաժարվել իմ թեկնածությունն առաջադրելուց:

– Դուք համագումարի ժամանակ ոչ մի բառ չասացիք, որ կարող եք հրաժարվել կատարել համագումարի որոշումը:

– Ոչ, ես իմ ելույթում ասացի, որ ես թույլ չեմ տա, որ իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղիները խաչաձևվեն:

– Պարոն Բագրատյան, գուցե Դուք էլ՝ մինչև առաջադրվելու Ձեր համաձայնությունը տալը, պետք է հարցը նախապես համաձայնեցնեք աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:

– Չէ, նման բան չկա:

– Այսինքն` Դուք չեք դիմել ոչ ԱՄՆ-ին, ոչ Եվրամիությանը, ոչ Ռուսաստանին և ոչ էլ Չինաստանին, որպեսզի ստանաք նրանց համաձայնությունը: Դուք չե՞ք կարևորում աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումը:

– Ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին: Աշխարհաքաղաքական կենտրոնների հետ մենք գործ չունենք:

– Ձեր ելույթում ասացիք, որ պաշտոնի չեք ձգտում: Արդյոք դա չի՞ նշանակում, որ Դուք ի սկզբանե Ձեզ պարտված եք համարում:

– Ես դա ասացի այլ կոնտեքստում: Հիմա գրվում է, որ ես գիտեմ, որ չեմ հաղթելու, որ հաղթելու է գործող նախագահը, և ես առաջադրվում եմ, որ պարտվելուց հետո հաղթողից պաշտոն ստանամ: Ես համագումարի պատվիրակներին, իմ կուսակիցներին հրապարակայնորեն վստահեցրեցի, որ իշխանությունների հետ նման պայմանավորվածություն չկա, և ասացի, որ ինձ պաշտոն պետք չէ:

– Այսինքն՝ Դուք առաջադրվում եք միայն հաղթելո՞ւ վճռականությամբ:

– Այո, այս պահին ես վստահ եմ, որ կարող եմ հաղթել:

Տեսանյութեր

Լրահոս