««Հարսնաքարի» գործով ամբաստանյալը բնավորությամբ հանգիստ, նույնիսկ վախկոտ անձնավորություն է»
«Հարսնաքարի» գործով դատական նիստում այս պահին շարունակվում է գործով վկա Հրաչյա Զոհրաբյանի հարցաքննությունը: Նրան հարցեր է ուղղում գործով մեղադրյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը:
Վկան նշեց, որ ինքը զարմացել է, որ Դավիթ Ադամյանը հարվածել է տղաներից մեկին, քանի որ, ըստ վկայի, մատուցողը բնավորությամբ «հանգիստ, նույնիսկ վախկոտ անձնավորություն է»: Վկան նշեց, որ ամենածանր սեղանները հենց նա է սպասարկել, քանի որ կարողանում է շփվել մարդկանց հետ: Հրաչյա Զոհրաբյանը դատարանին հայտնեց, որ Ադամյանը իրավասու է հաճախորդներին նախազգուշացնել սպորտային համազգեստով համալիր մուտգ չգործելու համար:
Պաշտպան Մկրտչյանի հարցին` արդյոք Հրաչյա Զոհրաբյանը տեղյա՞կ է, որ գործով տուժողները մատուցող Ադամյանին օղի խմելու առաջարկ են արել, ինչից նա հրաժարվել է, վկան պատասխանեց. «Այդ մասին ես տեղյակ չեմ»:
Պաշտպանը հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է վկան տեղյակ, որ գործով տուժողները գինովցած են եղել: Հրաչյա Զոհրաբյանը պատասխանեց, որ դրա մասին իրեն հայտնել են մատուցողն ու մենեջերը.
«Մենեջերն ինքն է մոտեցել տղաներին, խոսել նրանց հետ, և երևի համոզվել է, որ նրանք խմած են եղել»:
Վկա Զոհրաբյանը հայտնեց, որ իր կարծիքով` Դավիթ Ադամյանը չի մասնակցել ծեծկռտուքին: