«Հայաստանի քաղաքական դաշտում չկա ընդգծված արևմտամետ կամ ընդգծված ռուսամետ» (տեսանյութ)
«Քաղաքական մարդ է, քաղաքական կուսակցության ղեկավար, ամբողջ կյանքը քաղաքականության մեջ է եղել, և շատ բնական եմ համարում Հրանտ Բագրատյանի առաջադրումը»,- այսօր «Ազատություն» կուսակցության համագումարում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ իր կարծիքը հայտնելով Հրանտ Բագրատյանի թեկնածության վերաբերյալ:
Նաև հավելեց. «Անոմալիա են ուրիշ առաջադրումներ, որոնք հասարակության հետ ընդհանրապես որևէ կապ չեն ունեցել, քաղաքական գործունեություն չեն ծավալել, երբեք չեն եղել հասարակության աչքի առաջ և այսօր առաջադրվում են, այդ մարդկանց մասին տեսակետներն ուրիշ են»:
Իսկ հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը կամ չառաջադրմանը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Հարցրեք Տեր-Պետրոսյանին: Դա իմ խնդիրը չէ»:
Լրագրողները նաև հարցրեցին «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի կարծիքը Լևոն Տեր-Պետրոսյանի` արևմտամետների և ռուսամետների մասին վերջին ելույթի մասին, ինչին ի պատասխան Ա.Սարգսյանն ասաց. «Տխուր է, որ քաղաքական դաշտում այդ կարգի բաժանումներ են արվում: Իմ կարծիքով` Հայաստանի քաղաքական դաշտում չկա ընդգծված արևմտամետ կամ ընդգծված ռուսամետ, ուղղակի դա բաժանման հեշտ տարբերակն է: Իմ կարծիքով` բոլորն էլ հայամետ են»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: