Եվրամիության վերջնագիրը Հայաստանին

Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիյանչիչը այսօր ներկայացրել է Եվրամիության պաշտոնական տեսակետը Հայաստանի` Ռուսաստանի ու մի քանի այլ նախկին խորհրդային հանրապետությունների հետ մաքսային միության մեջ մտնելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է azatutyun.am կայքը:

Քեթրին Էշթոնի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվիակի հետ զրույցում փաստորեն խուսափել է ուղղակիորեն հաստատել Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և «ԵվրԱզԷս»ի միջև։

«Իմ կարծիքով, միշտ ավելի լավ է պարզել հենց սկզբնաղբյուրի հետ։ Շատ հաճախ նման հայտարարությունները սխալ են ներկայացվում։ Մենք այժմ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ։ Հայաստանը ազատ ու ինքնիշխան է ցանկացած համաձայնագրի մեջ մտնելու հարցում, այդ թվում նաև երրորդ երկրների հետ համաձայնագրի մեջ մտնելու առումով», – ասել է Մայա Կոչիյանչիչը։

Խոսնակը հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը ազատ առևտրի պայմանագրին՝ երրորդ երկրների հետ չի հակասում Եվրամիության հետ խորացված ու համապարփակ ազատ առևտրի բանակցություններին։

Կարդացեք նաև

Սակայն խնդիրը, նրա խոսքով, այստեղ վերաբերում է առավելապես մաքսային միություններին. – «Եթե Հայաստանը որոշի միանալ որևէ մաքսային միության, ապա դա անհամատեղելի կլինի Եվրամիության եւ Հայաստանի միջև կնքվելիք երկկողմանի Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ։ Բանն այն է, որ Մաքսային միությունը ընդհանուր արտաքին առեւտրական քաղաքականություն ունի և անհատ երկրները, որոնք անդամակցում են այդ մաքսային միությանը այլևս ինքնիշխան չեն իրենց արտաքին առևտրի քաղաքականության բնագավառում»:

Ինչպես հայտնել է խոսնակը, Եվրամիությունը Հայաստանի հետ համագործակցության խորհրդի նիստ է անցկացրել մի քանի օր առաջ, որի ժամանակ Հայաստանը հաստատել է իր հավատարմությունը Խորը եվ համապարփակ ազատ առեւտրի շուրջ ընթացող բանակցություններին։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների հետ Մաքսային միության մեջ մտնելը հակասում է Եվրամիության հետ ընթացող բանակցությունների շրջանակում Հայաստանի հանձնառած պայմանավորվածություններին, հակասում է Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագրին, ուստիև Եվրամիությունը զգուշացնում է Հայաստանին` մի’ մտիր Ռուսաստանի հետ մաքսային միության մեջ, մի’ անդամակցիր «ԵվրԱզԷս»-ին։

Տեսանյութեր

Լրահոս