ԲՀԿ մամուլի խոսնակը խուսափում է կանխատեսումներ անել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման վերաբերյալ

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության համագումարում, որտեղ ՕԵԿ-ը հայտարարեց գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Մեր կողմից պաշտպանվող թեկնածուն ունի բավարար հնարավորություններ՝ առանց որոշ մարդկանց արջի ծառայությունների լեգիտիմ ձևով ընտրվելու ՀՀ նախագահ»:

168.am-ի հարցին` Արթուր Բաղդասարյանն սրանով նկատի ունի՞ արդյոք «Բարգավաճ Հայաստանին», ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` ինչպես նա կարող է նկատի ունենալ «Բարգավաճ Հայաստանին», կարծում եմ, որ դա ընդանրապես իր կողմից լիազորված անձի կամ ՕԵԿ-ի խոսնակի լիազորությունների հարց է, և ես չեմ պատրաստվում նույնիսկ այդ հարցի շուրջ մտածել: Սա նաև որպես պատասխան եմ տալիս, ոչ թե շրջանցում եմ հարցը»:

Մենք նաև հետաքրքրվեցինք` ինչո՞ւ ԲՀԿ ներկայացուցիչները չէին մասնակցում ՀՀՇ-ի համագումարին:

Ի պատասխան ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Որովհետև «Բարգավաճ Հայաստանում» վստահ են, որ ժողովրդին հուզում է հայաստանյան կուսակցությունների համագործակցությունը ժողովրդի ու պետության շահը սպասարկելու, կոնկրետ իրական քայլեր, համատեղ նախաձեռնություններ իրականացնելու առումով, և ոչ թե արարողակարգային` ով ում մոտ գնաց և այլն»:

Կարդացեք նաև

«Ամեն դեպքում սա համահո՞ւնչ էր ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի սկսած այն համագործակցությանը և խորհրդակցությանը, որը մենք տեսնում էինք ոչ վաղ անցյալում»՝  հարցրեցինք Տիգրան Ուրիխանյանին

«Այ տեսեք, շատ լավ հարց տվեցիք: Բա մենք բազմիցս ասել ենք` մեր համագործակցությունը, խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ համակարգային փոփոխությունների շուրջ են, երկրի, ժողովրդի առաջ ծառացած խնդիրների շուրջ են, ոչ թե նեղ կուսակցական, անձնական կամ առավել ևս արարողակարգային հարցերի շուրջ»:

Մեր հարցին` այսինքն, ըստ Ձեզ, ՀԱԿ-ի թեկնածուն չի՞ կարող համակարգային փոփոխություններ իրականացնել, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց, թե այս հարցը «ոչ մի կապ չունի նախորդի հետ»:

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթի և առաջադրման մասին հարցերին, թե արդյոք Տեր-Պետրոսյանը 2  օրից կհայտարարի՞ իր առաջադրման մասին, թե՞ ոչ, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ խուսափում է կանխատեսումներ անելուց:

«Խնդրում եմ` թույլ տաք` առաջադրվի կամ չառաջադրվի, այսինքն` փաստը տեղի ունենա, նոր մեկնաբանեմ»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս