Ընտրություններից հետո կոռուպցիան վերանալո՞ւ է

Ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել սատարել գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այդ հարցի պատասխանը լիարժեք տալու համար ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության  այսօրվա արտահերթ համագումարում մանրամասն թվեց այն «ձեռքբերումները», որոնք տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում:

«Այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա գիտի, եթե նա 100 դոլար կաշառք վերցնի՝ պատժվելու է: Այսօր կոռուպցիան  դեռևս բազմաթիվ ոլորտներում՝ չասեմ, բայց որոշ ոլորտներում կա: Բայց ես  համոզված եմ, որ նախագահական այս ընտրություններից հետո էդ ոլորտներն էլ են ձերբազատվելու կոռուպցիոն ռիսկերի վտանգներից»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Նա ներկաներին կոչ արեց հիշել, թե վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում քանի՞պետական պաշտոնյա պատժվեց: Արթուր Բաղդասարյանի կարծիքով, մանր կաշառակերությունը պետական տարբեր կառավարման համակարգում այսօր վերացվել է:

Բաղդասարյան Սերժ Սարգսյանի վարած  արտաքին քաղաքականությունն որակեց հավասարակշռված, և ՕԵԿ-ի անունից ևս մեկ անգամ ողջունեց  Թուրքիայի հետ քաղաքական երկխոսություն վարելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը:

Կարդացեք նաև

Իբրև  արտաքին քաղաքականության ձեռքբերում` Բաղդասարյանը նշեց այն հանգամանքը, որ Հայաստանը դարձել է ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից մեկը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններից` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների վերջին տարիների հայտարարությունները գրեթե ամբողջությամբ արտահայտում են ՀՀ պաշտոնական դիրքորոշումը: «Այսօր միջազգային այդ գործընթացն ակտիվորեն շարունակվում է»,- նշեց ՕԵԿ նախագահը:

Արթուր Բաղդասարյանը չմոռացավ նաև հայտարարել, որ համաշխարհային  ֆինանսատնտեսական ճգնաժամից մեր երկրի տնտեսությունը կարողացավ դուրս գալ  Սերժ Սարգսյանի շնորհիվ. «Սերժ Սարգսյանը կարողացավ երկրի տնտեսությունը զերծ պահել կոլապսից»:

«Մեր կողմից պաշտպանվող թեկնածուն ունի բավարար հնարավորություններ՝ առանց որոշ մարդկանց արջի ծառայությունների լեգիտիմ ձևով ընտրվելու ՀՀ նախագահ»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը՝ չմասնավորեցնելով, թե «որոշ մարդիկ» ասելով հատկապես ում նկատի ուներ:

Տեսանյութեր

Լրահոս