Մարտի 1-ի համար մեղավոր է այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջավ ներքև

«Ո՞վ է պատասխան տալու մարտի 1-ի տասը անմեղ զոհերի համար: Այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջավ  ներքև` հավաքված ժողովրդին տեր կանգնելու, և, ըստ էության, ժողովուրդը դարձավ ամբոխ, որի արդյունքում տեղի ունեցավ այդ տհաճ և ողբերգական իրադարձությունը: Հաստատ այդ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր և ոչ էլմի քանի ազնիվ այլ մարդիկ, որ հետագայում հայտնվեցին բանտերում»,- այսօր ՕԵԿ-ի 11-րդ արտահերթ համագումարում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ըստ էության, իշխանություններին մեղադրելով անարդար լինելու մեջ:

Անդրադառնալով 2008թ. նախագահական ընտրություններին` ՕԵԿ նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում, երբ երկիրը քաղաքացիական պատերազմի առաջ էր կանգնել, իսկ թշնամին թիկունքից հարվածի էր սպասում, այլ տարբերակ չուներ ՕԵԿ-ը, քան կոալիցիայի կազմելը` ժողովրդին փրկելով արյունահեղությունից:

Արթուր Բաղդասարյանը հանիրավի համարեց նաև այն շահարկումները, թե իրենք փոշիացրին ժողովրդի ձայները: Նա նշեց, որ ժողովուրդն իրենց դարձյալ վստահում է, ինչի վառ ապացույցը խորհրդարանական ընտրություններն էին:

«Վերջին 5 տարիների ընթացքում այն քաղաքական շահարկումները, այն ցեխը, որը շպրտեցին ՕԵԿ-ին, դա ևս հաջողությամբ  չավարտվեցին, քանի որ մի քանի ամիս առաջ ավարտված խորհրդարանական ընտրություններում, ես կասեի՝ բարդագույն ընտրություններում, ՕԵԿ-ը նորից կարողացավ արժանանալ ժողովրդի քվեին»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

ՕԵԿ-ի դիմագիծն ավելի հստակ նկարագրելու համար ՕԵԿ նախագահը համեմատություններ սկսեց անել` նշելով, թե որ ոլորտում ինչ է արել կուսակցությունը:

Նախ նա նշեց, որ ՕԵԿ-ը եղել և մնում է խորհրդարանում ամենաակտիվ խմբակցություններից մեկը: Հասարակական կյանքում ևս, ըստ Արթուր Բաղդասարյանի, իր կուսակցականներն օրինակելի վարք են դրսևորում` «կրիմինալի, ռազբորկաների և թալանի մոնոպոլիայի հետ» կապ չունեն:

«Մենք չար, հիշաչար չենք, բանսարկություններ չենք իրականացնում, հոդվածներ չենք պատվիրում մամուլում, տակից խաղեր չենք տալիս»,- ահա այսպիսի նկարագրով Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց իր ղեկավարած կուսակցությանը:

Արթուր Բաղդասարյանը մեջբերեց այս տարվա մարտ ամսին տեղի ունեցած ՕԵԿ 10-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն արտահայտությունը` թե ՕԵԿ-ը բարոյական քաղաքական ուժ է և վստահելի գործընկեր: Արթուր Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդեց, որ քաղաքականության մեջ իրենք առավելագույնը բարոյականության սկզբունքով են առաջնորդվում, այդ պատճառով էլ նման գնահատականների են արժանանում:

«Մեզ վրա կարելի է հենվել, մեզ հետ կարելի է ճանապարհ  գնալ»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս