Ես չեմ միջամտում հարգելի պարոնի և Աստծո փոխհարաբերություններին. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կայացած քաղաքացիական հավաքից հետո՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համագործակցությունը կարելի՞ է համարել վերջնականապես ավարտված՝ դատելով նրանից, որ նախագահական ընտրություններում միասին չեք ներկայանալու, ասաց.

«Ոչ մի բան ավարտված չէ: Ավարտված է մի հոգու պահվածքի պատմությունը: Ուրիշ ոչ մի բան ավարտված չէ»:

Հարցին՝ արդյոք «Ազատ դեմոկրատները» փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում կսատարե՞ն «Ժառանգության» թեկնածուին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե այդ հարցը պետք է ուղղել նրանց:

Մեր հարցին, թե կցանկանա՞ք, որ սատարեն Ձեզ,  Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես բաց եմ ցանկացած քաղաքական ուժի սատարման առջև՝ լինի դա քաղաքական, քաղաքացիական, անհատական, թե մտավորական ուժ: Ես որևէ մեկի հավատաքննիչը չեմ:

Կարդացեք նաև

Արդեն ասել եմ, որ եղել է բազմաթիվ, բազմատեսակ հանձնառությունների խախտում: Այդ խախտումն արդեն Աստծո ձեռքում է, ես չեմ միջամտում հարգելի պարոնի և Աստծո փոխհարաբերություններին»:

Ինչ վերաբերում է անհրաժեշտ ընտրագրավին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե այս պահին պահանջվող 100 մլն դրամը չկա, բայց, կարծում է՝ կկարողանան հավաքել:

168.am-ը հետաքրքրվեց նաև, թե անհրաժեշտության դեպքում պատրա՞ստ եք հանել Ձեր թեկնածությունը՝ հանուն ընդդիմության հաղթանակի: Ի պատասխան, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ներկա դրությամբ գործող նախագահի, գործող իշխանակարգի հիմնական հաղթական մարտահրավեր նետողը դա մեր հավաքական թեկնածուն է: Ով ուզում է մաս կազել այդ ընդհանուր պայքարին, ինքը հաղթանակի մաս է կազմելու: Հիմնական մարտակոչ նետողը դա մենք ենք»:

Տեսանյութեր

Լրահոս