Արաբկիրի ոստիկանները վնասազերծեցին զինված քաղաքացուն (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները վնասազերծեցին զինված քաղաքացուն և բերման ենթարկեցին Ոստիկանության Արաբկիրի բաժին: Ժամը 16:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Կոմիտասի շուկայի հարևանությամբ գտնվող անշարժ գույքի գործակալություններից մեկում զինված երիտասարդ կա, որը սպառնում է գործակալության աշխատակիցներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգի մասին Օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացնում են ոստիկանությանը: Կարճ ժամանակում ժամանում են Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները, 1-03 ծառայության բուժբրիգադը, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Քանի որ ահազանգի հեղինակը չէր հայտնել կոնկրետ վայրը, Գ. Ամիրխանյանի հանձնարարականով ողջ շենքը վերցվեց հսկողության տակ: Այդ շենքում գործում է նաև «Կոնվերսբանկը»: 30 րոպեից ավելի օպերատիվ հետախուզական աշխատանքներ կատարելու արդյունքում, Արաբկիրի ոստիկանները 2-րդ հարկում գործող անշարժ գույքի գործակալության մոտ վնասազերծեցին ատրճանակով զինված քաղաքացուն:
Շամշյանը հայտնում է, որ այդ քաղաքացին Մամիկոնյանց 51 շենքի բնակիչ Յուրա Առաքելյանն է, որն անհատ ձեռներեց է: Ոստիկանները նրա մոտից կարողացան խլել նաև «Ոլտրան» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը: Գ. Շամշյանը հայտնում է, որ Յու. Առաքելյանը նշված գործակալությունում ատրճանակն ուղղել է Իրանի Հանրապետության քաղաքացի, սակայն Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ժամանակավորապես բնակվող 29-ամյա Արմեն Բաղդասարյանի վրա: Պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է ոմն աղջիկ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: