Սուրեն Աբրահամյաննի համար հանելուկ է, թե ինչո՞ւ ՀՀՇ-ն չէր հրավիրվել իրենց համագումարին (տեսանյութ)
Արամ Սարգսյանի չառաջադրման հարցը քաղխորհրդում վաղուց էր քննարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
«Կային մարդիկ՝ ոչ միայն քաղխորհրդի անդամներ, այլև շարքային կուսակցականներ, հասարակական քաղաքական դաշտի բավականին կշիռ ունեցող անձինք, որոնք առաջադրվելը համարում էին ճիշտ: Բայց մի քանի կոնսուլտացիաներից հետո մենք հաշտվեցինք այն մտքին, որ այս ընտրություններում նա չի առաջադրվի: Բայց իմացեք՝ երբ առաջադրվի մեր թեկնածուն, ինքը հաղթելու է: Ւսկ շանսը մենք մեր ձեռքի բաց չենք թողնելու ամեն գնով: Իսկ աշխարհի վերջը, ինչպես տեսաք՝ այսօր չեղավ, և, ինչպես ասաց Արամ Սարգսյանը՝ սկիզբ դրվեց քաղաքական նոր պայքարի»,- ասաց Սուրեն Աբրահամյանը:
Հարցին՝ լինելով ազատական կուսակցություն, հնարավո՞ր է, որ սատարեք Հրանտ Բագրատյանին, ով հայտարարել էր որպես նախագահի թեկնածու իր առաջադրման մտադրության մասին, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց.
«Այդ բոլորի վերաբերյալ ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել: Ես Հրանտ Բագրատյանի հանդեպ ընդգծված հարգանք ունեմ. նա լավ տնտեսագետ է, լավ գիտնական: Բայց դեռ պետք է իմանանք՝ ինչի՞ մասին ենք խոսելու, դեռ ենթադրությունները մեկնաբանել չեմ ուզում»:
Ի պատասխան մեր հարցին, թե ՀԱԿ-ից դուրս եկած քաղաքական ուժերի միջև կարծես համախմբման փորձեր են արվում՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացումները, Ս. Աբրահամյանը նշեց, որ իրենք ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեն, բացառությամբ իշխանության:
«Ո՛չ մարդկային հարաբերություններում, ո՛չ առօրյա կյանքում մենք մյուսների հետ, բացի իշխանությունից, խնդիրներ չունենք: Բայց համախմբման նպատակ էլ՝ մեր թեկնածուով հանդես չգալու դեպքում, մենք չունենք»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է համագումարին ՀՀՇ-ին չհրավիրելու հանգամանքին, ապա Սուրեն Աբրահամյանն ասաց, որ իր համար ևս հանելուկ էր այս հարցը ու ինքն էլ անակնկալի եկավ, թե ինչո՞ւ հրավիրված չէ ՀՀՇ-ն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյությում: