«Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցները երբեմն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարուկակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Այս պահին ռեստորանային համալիրի տնօրեն, գործով վկա Հրաչյա Զոհրաբյանին հարցեր է ուղղում տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Հարցերը հիմնականում վերաբերում են ռեստորանային համալիրի աշխատանքների կազմակերպմանը:

Պատասխանելով տուժողի ներկայացուցչի հարցին՝ վկա Հրաչյա Զոհրաբյանն ասաց, որ որպես համալիրի ղեկավար ինքն է ստորագրում աշխատակիցներին աշխատանքի ընդունման պայմանագրերը: Նա նաև նշեց, որ դեպքի օրը համալիրում աշխատել են հրավիրված մատուցողներ և երաժիշտներ, սակայն անվտանգության աշխատակիցներ հրավիրված չեն եղել:

Պաշտպանական կողմը բազմիցս առարկեց այն հարցերի դեմ, որոնք վերաբերում էին ռեստորանային համալիրի աշխատակիցներին և աշխատանքի կազմակերպմանը՝ ասելով, թե դրանք էական նշանակություն չունեն գործի բացահայտման համար:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն էլ ասաց, թե նման հարցերի նպատակը միայն այն անձանց բացահայտումն է, ովքեր կարող են տեղեկություններ հաղորդել դեպքի և դեպքի մասնակիցների մասին:

Պատասխանելով Տիգրան Եգորյանի հարցին՝ վկա Զոհրաբյանն ասաց, որ ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները համազգեստ չեն կրում, սակայն նրանց չի թույլատրվում աշխատանքի ներկայանալ սպորտային հագուստով:

Վկայի խոսքով՝ 2012թ. ռեստորանային համալիրն ունեցել է անվտանգության 4 աշխատակից: Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ չափանիշներով են նրանք աշխատանքի ընդունվել, սակայն պաշտպանական կողմն առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ այս պահին կարևոր չէ՝ ինչ հանգամանքներում են նրանք աշխատանքի ընդունվել:

Վահե Գրիգորյանն էլ նշեց, որ տուժող կողմի ներկայացուցիչները հստակ դիրքորոշում ունեն, որ նշված 4 անձինք համալիրի անվտանգության աշխատակիցներ չեն եղել, հետևաբար՝ նման հարցերն ուղղված են այդ հանգամանքները պարզելուն:

Պաշտպան Եգորյանը հարցին՝ արդյոք համալիրի անվտանգության աշխատակիցները նախկինում աշխատե՞լ են Հայրապետյան ընտանիքին պատկանող այլ ընկերություններում, Հրաչյա Զոհրաբյանը պատասխանեց, որ չգիտի՝ մինչև ռեստորանային համալիրում աշխատանքի անցնելը նրանք ինչ առնչություն են ունեցել Հայրապետյան ընտանիքի հետ:

Ըստ վկայի՝ նրանք երբեմն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին:

 

Տեսանյութեր

Լրահոս