«Ջհանգիրյանը գծի մեջ ա, չի կարա գա»

Այսօր կայացավ «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը, որին հրավիրված էին մի շարք հայտնի քաղաքական գործիչներ: Համագումարն ընթանում էր իր սովորական հունով, այնպես, ինչպես սովորաբար տեղի են ունենում կուսակցական համագումարները. սկզբում հնչեց ՀՀ պետական հիմնը, հետո` կուսակցության հիմնը, այնուհետև Համագումարի վարողը` Արտակ Զեյնալյանը, ինչպես կարգն է, հայտարարեց. «այս պահից սկսած «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը դադարեցնում է իր լիազորությունները, և ղեկավար մարմինն ընտրում է «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը»:

Սրանից հետո համագումարի վարողը ողջույնի խոսքի համար ձայնը տվեց կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամ Սուրեն Աբրահամյանին:

««Նախկին» բառն ինձ համար ճակատագրական է դարձել»,- սկսելով իր ելույթը` կատակեց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Վերջինս իր ելույթում անդրադարձավ կուսակցության վերջին տարիների գործունեությանը՝ նշելով, որ «Հանրապետություն» կուսակցությունը կարծես Հայ ազգային կոնգրեսի կազմում մնացել էր ստվերում:

«Բայց, չնայած մեր բազմաթիվ թերություններին, մենք միշտ միակամ ենք եղել ամենակարևոր հարցում` անդավաճան ծառայել ենք մեկ գաղափարի` գերադասել ժողովրդի շահը` մի կողմ թողնելով կուսակցական և անձնական ամբիցիաները: Թող շատ բարձր չհնչի, վերջին 10 տարիների պայքարին տվել ենք ամեն ինչ և ձեռք բերել պարտություն, Վազգեն Սարգսյան, և սովորական կուսակցության անդամներից դարձել ենք, չեմ ամաչում այդ բառն ասել՝ ազգի նվիրյալներ»,- ասաց Սուրեն Աբրահամյանը:

Կարդացեք նաև

Ելույթից հետո վարողն առաջարկեց ընտրել ղեկավար մարմնի անդամներին, իսկ կուսակցության անդամները, հայ քաղաքական կուսակցությունների ավանդույթներին համաձայն, միաձայն ընտրեցին բոլոր առաջադրվածներին:

Նշենք, որ համագումարի նախագահության ընտրական գործընթացը կընթանար նույն միապաղաղությամբ, եթե չլիներ համագումարի վարողի փոքրիկ վրիպումը:

«Համագումարի ղեկավար կազմի համար առաջադրվել են հետևալ կուսակցականները` «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ Արամ Զավենի Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Ջհանգիրի Աբրահամյան, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Հայկազի Զեյնալյան: Ովքե՞ր են կողմ, ովքե՞ր են դեմ: Դեմ չկա: Որոշումն ընդունված է: Խնդրում եմ պարոն Սարգսյանին և Ջհանգիրյանին, ներողություն, Աբրահամյանին, զբաղեցնել իրենց տեղերը»,- ասաց Ա.Զեյնալյանը` բավական զվարճացնելով ներկաներին:

«Ջհանգիրյանը գծի մեջ ա, չի կարա գա»,- արձագանքեցին դահլիճից:
Մանրամասները դիտեք 168.am-ի տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս