«Ես գծի վրա չեմ ըլնում, միշտ ուղիղ ու ճիշտ». ՀԱԿ անդամը` հայտնի զրույցի գաղտնալսման հետքերով (տեսանյութ)
Լևոն Զուրաբյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը ուրիշ գծի վրա են, Դո՞ւք որ գծի վրա եք: Այսօր «Հանրապետություն» կուսացկության համագումարին` լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն ասաց. «Գիծը ո՞րն ա: Ես գծի վրա չեմ ըլնում, միշտ ուղիղ ու ճիշտ»։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե, ըստ նրա, ո՞վ էր կազմակերպել այդ գաղտնալսումը:
«Ես հեռու, ազնիվ երկրում եմ ապրում…»,- ասաց Ս.Միքայելյանը:
«Բայց Կոտայքն ազնի՞վ երկիր է»,- հարցրեց լրագրողը: «Ամենաազնիվ երկիրն ա»,- պատասխանեց Ս.Միքայելյանը։ «Բայց ասում են մարզպետը…»,- շարունակեց լրագրողը, ինչն արդեն հունից հանեց Ս. Միքայելյանին. «Մարզպետը տականք ա, էդ չի նշանակում, որ մեր երկիրն ազնիվ չէ, ժողովուրդն ազնիվ չէ»։
Զրույցը շարունակվեց նույն ոգով` համեմվելով Ս. Միքայելյանի կոլորիտային հումորներով: Լրագրողները շարունակում էին համառորեն հարցեր տալ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման և քաղաքական գործունեության մասին, ինչին ի պատասխան Սասուն Միքայելյանը շարունակ պատասխանում էր՝ տարեվերջին կպատասխանեմ:
Այդ ընթացքում դահլիճում հայտարարվեց, որ հյուրերը նստեն, որպեսզի համագումարը սկսվի: «Սասո´ւն, նստի»,- հորդորեց նրան համագումարին հրավիրված քաղաքական գործիչներից մեկը: «Ես սենց տեղերն էլ եմ կանգնում, ցավդ տանեմ»,-կատակեց Սասուն Միքայելյանը։
«Իսկ Հրանտ Բագրատյանի առաջադրմա՞նն ինչպես եք վերաբերվում»,- կրկին նախագահական ընտրություններին վերադարձան լրագրողները, ինչին ի պատասխան ԱԺ նախկին պատգամավորն ասաց. «Հրանտ Բագրատյանը հլը որոշել ա, բայց չի առաջադրվել»:
«Հնարավո՞ր է, Դուք էլ եք որոշել առաջադրվել»,- հետաքրքրվեց լրագրողներից մեկը
«Չէ, ցավդ տանեմ»,- պատասխանեց պարոն Միքայելյանը: «Պարոն Միքայելյան, ամեն ինչ գցում եք տարեվերջին, այսօր կարող է աշխարհի վերջը լինել»,-դժգոհեցին լրագրողները: «Դե որ աշխարհի վերջն ա, ես չեմ ուզում աշխարհից առաջ ընկնեմ: Շատ քաղաքական գործիչներ մի քիչ առաջ են ընկել, սխալվել են»,- կրկին սրամտեց Սասուն Միքայելյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: