ԲՀԿ-ն ընտրություններից հետո պաշտոններ կստանա՞
«Գագիկ Ծառուկյանի ընդունած որոշումը ծանր որոշում էր, դժվար էր թիմակիցների ճնշումներին դիմագրավելը: Նա կարողացավ գտնել հետաքրքրիր ձևաչափ: Գագիկ Ծառուկյանն ընտրեց միջին տարբերակը. նա չսատարեց իշխանությունների թեկնածուին, բայց և չդարձավ նրա հակառակորդը: Դա նուրբ քաղաքական քայլ էր: Գուցե դա այսօր չի գնահատվում, բայց նա պահպանեց թե’ իր, թե’ իր կուսակցութան դեմքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նրա կարծիքով, Գ. Ծառուկյանի որոշումը խելամիտ էր այն առունով, քանի որ այն, բացի առճակատումից՝ ոչինչ չէր տալու, այսպես ԲՀԿ-ն փրկում է իր վարչական ռեսուրսը: Արման Մելիքյանը համամիտ չէ տարածված գնահատականների հետ, թե Գագիկ Ծառուկյանն իր որոշմամբ կանխորոշեց ընտրությունների ելքը:
Միակ բանը, որ տեղի ունեցավ ԲՀԿ առաջնորդի որոշումից հետո, ըստ Արման Մելիքյանի՝ այն էր, որ այդ քայլը կոլապսի մեջ դրեց խորհրդարանական բոլոր կուսակցություններին: Նա նշեց, որ բացի «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից, խորհրդարանական մյուս ընդդիմադիրները չեն հայտարարել իրենց թեկնածուի մասին:
Արման Մելիքյանը նաև այն կարծիքին է, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին որոշումը ոչ մի կերպ չի նշանակում, թե խաբվում է ԲՀԿ-ի ընտրազանգվածը, քանի որ այն, ըստ էության՝ չկա կամ էլ հայտնի չէ, թե ինչքան է:
ԼՂՀ նախկին արտգործնախարարը կանխատեսեց, որ ընտրություններից հետո հնարավոր է, որ ԲՀԿ-ն պաշտոններ կստանա, բայց դրանից հասարակության կյանքում ոչինչ չի փոխվի: