Դեպրեսիան մեծացնում է սրտի կաթված ստանալու հավանականությունը
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ դեպրեսիա ունենալը նույնքան վտանգավոր է առողջության համար, որքան օրվա ընթացքում 5 ծխախոտ օգտագործելը: Ըստ նրանց՝ դեպրեսիա ունեցող անձանց մոտ 27 տոկոսով մեծ է սրտի կաթված ստանալու հավանականությունը:
Այսպիսի եզրակացություններ անելուց առաջ՝ գիտնականներն ուսումնասիրել են նմանատիպ մի քանի հետազոտություններ: Արդյունքները ցույց են տվել, որ դեպրեսիայով տառապող մարդկանց շրջանում սրտի կաթված ստանալու հավանականությունն այնքան է մեծանում, որ ծխախոտի հասցրած վնասը: Դեպրեսիա ունեցողների մոտ գիտնականները նկատել են նաև արյան մեջ խոլեստերինի քանակի, ինչպես նաև արյան ճնշման որոշակի բարձրացում:
Խոլեստերինի բարձր քանակն արյան մեջ սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն է: Դա բացատրվում է նրանով, որ խոլեստերինը նպաստում է զարկերակների նեղացմանը, որոնց միջոցով էլ տեղի է ունենում արյան շրջանառությունը: Արյան բարձր ճնշումը ևս ռիսկային գործոններից մեկն է: Հետազոտության հեղինակները նաև պարզել են, որ դեպրեսիայի բացասական ազդեցությունը մեծ տարիքի անձանց առողջության վրա ավելի մեծ է լինում:
dailymail-ը նաև նշում է, որ սրտի կաթվածը Բրիտանիայում մահացության հիմնական պատճառն է. այնտեղ տարեկան 270.000 մարդ սրտի կաթված է ստանում. յուրաքանչյուր 3 հիվանդներից մեկը մահանում է մինչ հիվանդանոց հասնելը: