ՀԱԿ-ում քաշքշոց է կերակրատաշտից օգտվելու համար
«Այսօր, խոսելով Հայ ազգային կոնգրեսի մասին, մենք պետք է խոսենք նույն այն գործընթացներից, քաշքշուկներից, խարդավանքներից և այլն, ինչը առկա է Հայաստանի քաղաքական դաշտում, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտը զբաղված է մեկ հարցով` կերակրատաշտով, ով շատ իր կողմը կքաշի: Եվ այդ իմաստով էլ՝ ՀԱԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր դրանով են զբաղված, և հիմա էլ այդ իրադարձությունները կարծես թե սկսել են պտտվել դրա շուրջը»,- անդրադառնալով ՀԱԿ-ի ներսում առկա տարաձայնություններին՝ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:
«ՀԱԿ-ը մեր ըմբոստ ժողովուրդն էր, կարևոր չէ՝ այսօր «Հայ ազգային կոնգրես» է անվանումը, ասենք թե 5 տարի առաջ, կամ 10 տարի առաջ ուրիշ էր»,- ասել է Աշոտ Մանուչարյանը: Հիմա, ըստ քաղաքական գործչի, այդ ըմբոստ ժողովուրդն իրեն նվաստացած է զգում, քանի որ իր Հայաստանը վերցրել են և ցեխի մեջ գալարում են:
Անդրադառնալով փետրվարյան նախագահական ընտրություններին՝ Աշոտ Մանուչարյանը նշել է, որ ընտրություններ, որպես այդպիսին, վաղուց արդեն չկա, քանի որ ընտրողի ձայնը երբեք էլ որոշիչ չի եղել:
«Այսօր Հայաստանի համար կա գերխնդիր, Հայաստանը ինքն իրեն կորցրել է, այն, ինչ որ մենք տեսնում ենք, ոչ մի կապ չունի Հայաստանի էության հետ, հայ մարդու կերպարի հետ, սա ուղղակի դրսից ստացված ինչ-ինչ գաղափարներ էին, որի մեջ մենք խորտակեցինք մեր էությունը»,- ասել է Աշոտ Մանուչարյանը: