Քոչարյանը ԲՀԿ-ն վերցնո՞ւմ է Ծառուկյանից

168.am-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում չառաջադրվելու իր որոշումը չի համաձայնեցրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ավելին, Ծառուկյանը բրյուսելյան այցից առաջ Ռ. Քոչարյանին վստահեցրել է, որ այլևս ոչինչ իրեն չի կարող հետ պահել առաջադրվելու որոշումից: Սակայն Բրյուսելից վերադառնալուց և նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Ծառուկյանը` առանց Քոչարյանի հետ խորհրդակցելու, տարածել է դեկտեմբերի 12-ի հայտնի հայտարարությունը:

168. am-ի աղբյուրների համաձայն, Քոչարյանն իր նեղ շրջապատի ներկայացուցիչների հետ ներկայումս քննարկում է Գ. Ծառուկյանին ԲՀԿ-ից հեռացնելու ճանապարհները: Ամենահավանական  տարբերակն այն է, որ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի ոչ միայն ԲՀԿ-ից, այլ ընդհանրապես քաղաքականությունից հեռանալու մասին:

Եթե դա տեղի ունենա, ապա, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ նախագահ կդառնա Վարդան Օսկանյանը, ով Ծառուկյանի որոշումից հետո տարբեր շրջանակներում դժգոհում է, որ Ծառուկյանն իր քայլով իրեն զրկեց առաջադրվելու հնարավորությունից: Այս հարցում, ըստ մեր աղբյուրների, հստակություն կմտցվի ամանորյա տոներից հետո:

 

Տեսանյութեր

Լրահոս