ՀԱԿ անդամը ոչ մի ձևով չի վերաբերվում Բագրատյանի առաջադրմանը. «Ինքը, իրա որոշումը»

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանին ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի՝ նախագահական ընտրություններում իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին այսօրվա հայտնած տեղեկությունը չի զարմացնում: Galatv.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ասել է, որ իր համար անսպասելի չեն նաև ամբողջ հայտարարությունում նշված մտքերը:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Բագրատյանի՝ նախագահի թեկնածու դառնալուն, Խաչատրյանն ասել է. «Ոչ մի ձևով, հայտարարել, հայտարարել է, ինքը, իրա որոշումը, ինքը իրավունք ունի որոշում կայացնելու, ի՞նչ ասեմ ես»:

Նույն կերպ նա արձագանքել է նաև Բագրատյանի՝ ՀԱԿ-ի հետ այլևս ակտիվ գործունեություն չծավալելու որոշմանը, որը Բագրատյանը պատճառաբանել էր նրանով, որ ոչ ոք կաշկանդված չզգա իրեն. «Եթե մարդը որոշել է, ձևակերպումները ի՞նչ կարևոր են»:

Հարցին՝ ո՞վ պետք է կաշկանդված զգա, Խաչատրյանը պատասխանել է, որ չգիտի և որ այդ հարցին Բագրատյանը կարող է պատասխան տալ:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը, ապա Խաչատրյանն ասել է, որ պետք է սպասել, և ՀԱԿ առաջնորդը կհայտնի իր կայացրած որոշման մասին:

Տեսանյութեր

Լրահոս