Ծառուկյանի ամանորյա նվերը
Իշխանությունն աստիճանաբար բացահայտում է առաջիկա ընտրություններում իր նախանշած սցենարը: Այսօր հրապարակվել են «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Baltic Surveys /The Gallup Organization-ի իրականացրած հարցումների առաջին փուլի արդյունքները: Հարցման առաջին փուլն իրականացվել է 1020 ռեսպոնդենտների շրջանում` դեկտեմբերի 5-16-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն` մինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին հայտարարությունը:
Հենց դա էլ դարձել է «հայկական Gallup»-ի հարցումների ինտրիգը: Բայց մինչ դրան անդրադառնալը ներկայացնենք «անսահման անաչառ» այս կազմակերպության կատարած հարցումների արդյունքները:
Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Baltic Surveys /The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն, հարցին` ո՞ւմ օգտին են քվեարկելու առաջիկա ընտրություններում, հարցվածների 49%-ը պատասխանել է` Սերժ Սարգսյանի, 21%-ը՝ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 6%, Ռոբերտ Քոչարյանի՝ 5%, Վահան Հովհաննիսյանի՝ 3%, և 9% կազմել են չկողմնորոշվածները:
Ըստ հարցումների` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքը 72%-ով դրական է, Սերժ Սարգսյանի վարկանիշը 61% դրական է, Ռոբերտ Քոչարյանինը՝ 49%, Տիգրան Սարգսյանինը՝ 43%: Ամենահետաքրքիրն այն է, որ ըստ հարցման հեղինակների, Գագիկ Ծառուկյանի չառաջադրման դեպքում նրա պոտենցիալ ընտրողների ձայների 36 տոկոսը կգնա Սերժ Սարգսյանին, 13-ը` Ռոբերտ Քոչարյանին, 9%-ը` Րաֆֆի Հովհաննիսյանին, 4%-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Չխորանալով իշխանությունների թվային մանիպուլյացիաների մեջ, արձանագրենք միայն, որ Ծառուկյանի քվեների 36%-ը Ս. Սարգսյանի` 49%-ին գումարվելու դեպքում, ապահովում է նրա հաղթանակն առաջին փուլում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր առումներով Ս. Սարգսյանի առաջատարությունն արձանագրող այս հարցման հեղինակները (պատվիրատուները, այսինքն` իշխանությունը) առնվազն մինչև դեկտեմբերի 12-ը չեն բացառել Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հնարավորությունը, ու չբացառելով՝ նրա համար «սահմանել» են այնպիսի ցուցանիշներ, որ առաջադրվելու դեպքում երկրորդ նախագահը զբաղեցնի երկրորդ պատվավոր հորիզոնականը:
Իսկ նրա չառաջադրվելու դեպքում իշխանությունը «բարոյական հաղթանակը» թողել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ամենաուշագրավը, սակայն, ոչ թե մասնակիցների միջև քվեների «բաշխումն» է, այլ այս հարցումն իրականացնողների կանխատեսումն առ այն, որ ընտրություններին կմասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 70 տոկոսը: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, այս անգամ իշխանությունն, առաջին հերթին, պետք է կեղծի հենց ընտրությունների մասնակցության ցուցանիշը` ընտրություններին «լեգիտիմ ու մասնակցողական տեսք» հաղորդելու համար:
Հատկապես վերջին քաղաքական իրադարձություններից հետո հասարակությունն այնպես ու այնքան է հիասթափվել, որ կարող է բոյկոտել ընտրությունները` ուղղակի չմասնակցելով դրանց: Իշխանությունը դա շատ լավ հասկանում է ու այսօրվանից հող է նախապատրաստում «ակտիվության ցուցանիշի բարձրացման» համար: