Արդյո՞ք Սերժ Սարգսյանը համաձայն է Արտաշես Գեղամյանի հետ
Այս պահին կառավարության Ընդունելությունների տանը տեղի է ունենում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ և «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսը:
Արտաշես Գեղամյանը հայտնի է նրանով, որ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու կողմնակից է, և ի տարբերություն ՀՀԿ խմբակցության այն անդամների, ովքեր Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի կողմնակից են, բայց վախենում են դրա մասին բարձրաձայնել, իր նախասիրությունների մասին հայտարարում է հրապարակային և իր մոտեցումների վերաբերյալ գրքեր է հրապարակում:
Գուցե Արտաշես Գեղամյանի այս պահվածքն այնքան էլ արտառոց չլիներ, եթե նրա գրքերի շնորհանդեսներին չհրավիրվեր և չմասնակցեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր էլ, ամենայն հավանականությամբ, Սարգսյանը կմասնակցի Գեղամյանի գրքի շնորհանդեսին: Իսկ դա չափազանց հետաքրքիր է: Ռուսաստանի իշխանությունները Հայաստանին պարտադրում են միանալ Եվրասիական միությանը, բայց Հայաստանը ոչ միայն դիմադրում է, այլ նաև նախագահի մակարդակով հայտարարում, որ պատրաստվում է հաջորդ տարի Եվրամիության հետ ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը Եվրասիական միության կողմից առաջարկվող Մաքսային միության այլընտրանքն է:
Ինչպես կարող է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը լինել եվրաինտեգրման կողմնակից, իսկ նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամը՝ Եվրասիական միությանը Հայաստանի միանալու քարոզիչ: Հնարավոր է, որ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունն այսօրվա շնորհանդեսին հենց այն փոխլրացնող քաղաքականության մի մասն է, որի մասին հայտարարում են Հայաստանի իշխանությունները. ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորները Եվրասիական միություն են քարոզում, իսկ իշխանությունն այդ քողի տակ զբաղվում է եվրաինտեգրմամբ:
Դրա մասին մենք կարող ենք իմանալ միայն նախագահական ընտրություններից հետո, որովհետև բոլորը համոզված են, որ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի դիրքորոշումը կհստակեցնի միայն փետրվարի 18-ից հետո: Եվրասիական միության կողմնակիցները համոզված են, որ Հայաստանի նախագահը «փափուկ բարձ է դնում եվրոպացիների գլխի տակ», որպեսզի նրանք չխանգարեն նրան նախագահական ընտրություններում, իսկ եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները, ընդհակառակը, պնդում են, որ Սարգսյանը մոլորեցնում է ռուսներին, որպեսզի նրանք չխանգարեն նրան նախագահական ընտրություններում: Հույս ունենք, որ գոնե նախագահական ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունը ցույց կտա, թե ում է խաբում, և որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը: