Մհեր Արշակյանն ու Էդուարդ Շարմազանովը ընկերական, բարեկամական զրույց են ունեցել
Այսօր «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են։ Հանդիպման առիթը երեկ Աժ-ում տեղի ունեցած միջադեպն էր՝ ՀՀԿ-ական պատգամավո Մհեր Սեդրակյանի և լրագրող Մհեր Արշակյանի միջև:
Հիշեցնենք, որ լրագրողը ցանկացել էր հարց ուղել ՀՀԿ-ական պատգամավորին, սակայն վերջինս ասել էր. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
168.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Մհեր Արշակյանը գնացել էր իր աշխատասենյակ և իրենց միջև ընկերական, բարեկամական զրույց է եղել:
Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ եք զրուցել, արդյոք կուսակցության անունից ներողությո՞ւն եք խնդրել, Է. Շարմազանովը պատասխանեց. «Ներողություն խնդրել եմ հրապարակավ և առանձին ներողություն խնդրելու էլ ի՞նչ կարիք կար: Խնդիր չեմ տեսնում, բայց հրապարակային ներողություն կուսակցության անունից հնչեցրել ենք»:
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ լրագրողները դիմել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ պահանջելով քաղաքական գնահատական տալ կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից:
Նշենք նաև, որ այս առնչությամբ Մհեր Արշակյանը դիմելու է ԱԺ էթիկայի հանձնաժողով։