Հովիկ Աբրահամյանը ցավում է և ափսոսում Մհեր Սեդրակյանի արարքի համար
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ իր աշխատասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահի և «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև: Ինչպես հանդիպումից հետո Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց լրագրող Մհեր Արշակյանը, Հովիկ Աբրահամյանը իր գործընկերոջ արարքի համար ցավ ու ափսոսանք է հայտնել և փորձել է հասկանալ ինչ իրավիճակում է տեղի ունեցել դեպքը: «Ես ասացի, որ ոչ մի իրավիճակ էլ չի եղել, ես պարզապես մոտեցել եմ և ուղղել իմ հարցը, ինչին պատգամավորն այդպես է արձագանքել», -փոխանցեց լրագրողը:
Ըստ Արշակյանի, ԱԺ նախագահը փորձել է նաև պարզել, թե որևէ միտում լրագրողը տեսնո՞ւմ է Մհեր Սեդրակյանի արարքի մեջ: «Ես ասացի, որ այո, տեսնում եմ, որովհետև պատգամավորն ասել էր` ես ձեզ մարդատեղ եմ դնում, չափը անցնում եք», – ասաց լրագրողը:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային Ժողովում պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնացել է «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին՝ ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: