Ո՞վ է աչք դրել պահնորդական-թիկնապահական «բիզնեսին»
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Մասնավոր պահնորդական գործունեության» մասին ՀՀ օրենքը մեծ խուճապ է առաջացրել ՀՀ մեր այն քաղաքացիների շրջանում, որոնք պահնորդական-թիկնապահական ծառայություն իրականացնելով` իրենց հանապազօրյա հացն են վաստակում:
Բանն այն է, որ սույն օրենքով պարտադրվում է ոչ միայն պահնորդների, այլև՝ պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությունների լիցենզավորումը:
Այլ կերպ ասած՝ հունվարի 1-ից այս ոլորտում աշխատատեղեր զբաղեցնող ՀՀ մոտ 10.000 քաղաքացիներ ստիպված կլինեն գործազուրկի կարգավիճակ ստանալ, քանի որ լիցենզավորում ստանալու համար նրանք պարտավոր են 4 ամիս վերապատրաստվել այն ուսումնական հաստատություններում, որոնք լիցենզավորում կստանան միայն հունվարի 1-ից:
«168 Ժամ» ահազանգող քաղաքացիները վստահեցնում էին, որ այս օրենքը հերթական տրյուկն է պահնորդական-թիկնապահական շուկան մոնոպոլիզացնելու համար: Խմբագրություն ահազանգող պահնորդներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, ասում էր, որ Ոստիկանության վերնախավում գտնվող որոշ մարդիկ հետաքրքրված են այս ոլորտով և մտադիր են այս դաշտը մոնոպոլիզացնել՝ «իրենցով անել»:
Այսինքն՝ այս օրենքի միջոցով հունվարի 1-ից մասնավոր ընկերություններին կանգնեցնում են փաստի առջև, որպեսզի այդ աշխատատեղերը զբաղեցնեն Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները: Ավելին, մեր տեղեկություններով` Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ցանկանում է խոշոր պահնորդական-թիկնապահական ընկերություն ստեղծել և այս մեթոդով փորձում է շուկայից հեռացնել մյուս ընկերություններին:
Այս օրենքի կիրառման դեմ բոյկոտում են ինչպես` պահնորդական ընկերությունները, այնպես էլ՝ նրանց աշխատակիցները: Իր դիրքորոշումը, սակայն, օրենքի վերաբերյալ չի հայտնում միայն պահնորդական գործունեության շուկայում գործող «Ալֆա դելտա» պահնորդական ընկերությունը, որը պատկանում է Գալուստ Սահակյանի որդիներից մեկին: Հիշեցնենք, որ օրենքի համահեղինակներից մեկն էլ անձամբ Գալուստ Սահակյանն է:
Մանրամասները կարդացեք «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում: