
36-ամյա տղամարդը պարտքերի պատճառով փորձում է իրեն ցած նետել 5-րդ հարկից

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որը հայտնել է, թե իրեն անհիմն տուգանել են և պարտքեր ունենալու պատճառով ինքնասպան է լինելու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները ոստիկանության հետ պարզել են, որ հեռախոսազանգը ստացվել է Նուբարաշենի խճուղու 1-ին շենքի 40 բնակարանից:
Այս պահին նշված շենք են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը: Տեղում են նաև Էրեբունու ոստիկանապետ Լևոն Յազիչյանը, օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանը և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանը: Վերջիններս արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբի աշխատակիցների հետ փորձում են համոզել 36-ամյա Ա. Ղազարյանին, որպեսզի նա այդ քայլին չդիմի: Ա. Ղազարյանը արդեն մեկ ժամից ավելի է, ինչ նստել է 5-րդ հարկի պատշգամբագոգին և սպառնում է, թե իրեն գցելու է:
Ոստիկանները դեպքի վայր են հրավիրել նաև 1-03 շտապբուժօգնության բրիգադին: Ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչները այս պահին զրուցում են հարևանների հետ, փորձելով պարզել որոշ մանրամասներ: