
Ստյոպա Սաֆարյանի դիմումի հիման վրա գործի դատաքննությունը` տոներից հետո

Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 18-ի աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունվել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով դեկտեմբերի 2-ի լրացուցիչ ընտրության արդյունքներով թ.1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ այդ ընտրատարածքից պատգամավորի նախկին թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումի հիման վրա գործը:
Գործի դատաքննությունը որոշվել է սկսել 2013թ. հունվարի 25-ին, ժամը 11-ին:
Ինչպես նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ, «ելնելով ՍԴ-ի ծանրաբեռնվածությունից», որոշվել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է թ.1 ԸԸՀ-ն, որպես հարակից պատասխանող` ԿԸՀ-ն:
Հիշեցնենք, որ, ըստ թիվ 1 ԸԸՀ-ի դեկտեմբերի 7-ի որոշման, ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը: