«Ծառուկյանի հրաժարվելուց հետո էլ՝ իշխանական ճամբարը հանգիստ չէր»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե իր կարծիքով՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին որոշում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փոխարեն կայացրել են իշխանությունները: Նրա կարծիքով, իշխանությունները սպասեցին մինչև Գագիկ Ծառուկյանը հասարակության մեջ ընկակվի իբրև հիմնական ընդդիմադիր թեկնածու, հետո որոշեցին նրան հեռացնել քաղաքական դաշտից:
«Քիչ հավանական եմ համարում, որ եղել է միասնական խաղ, քանի որ դա կնշանակի Գագիկ Ծառուկյանի միանգամայն անլուրջ վերաբերմունքն իր ամբողջ քաղաքական թիմի նկատմամբ: Քիչ հավանական եմ համարում, որ նա ի սկզբանե իր ամբողջ քաղաքական թիմին պատրաստ էր դնել այդպիսի հիմար վիճակի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք Իշխանյանը:
Նա նշեց, որ ընտրություններին մասնակցելու դեպքում Գագիկ Ծառուկյանը հնարավոր է ստիպված լիներ քայլեր կատարել, որոնք իրավիճակն անկանխատեսելի կդարձներ: Այս նկատառումից ելնելով էլ, ըստ նրա՝ իշխանությունները ժամանակին նրան հեռացրին դաշտից: Ավետիք Իշխանյանի կարծիքով, նույն նպատակն էր հետապնդում նաև Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի հայտնի ձայնագրության տարածումը:
«Նույնիսկ Ծառուկյանի հրաժարվելուց հետո՝ իշխանական ճամբարում լրիվ հանգիստ չի տիրում: Ամեն դեպքում՝ ինչքան ընդդիմությունը վարկաբեկվի և թուլանա, իշխանությունն ավելի հանգիստ կզգա իրեն»,- նշեց նա:
Ավետիք Իշխանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք “168ժամ” թերթի վաղվա համարում