
Աշոտ Գիզիրյանը պնդում է, որ Սամվել Բալասանյանը «աշխատելու» է Սերժ Սարգսյանի համար

Այսօր galatv.am-ի հետ զրույցում Շիրակի գեներալ մարզպետը վերահաստատել է իր այն հայտարարությունը, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ աշխատելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: «Ի՞նչ եք կարծում, բա ո՞ւմ օգտին պտի աշխատի»,- զարմացած հարցրել է Շիրակի մարզպետը: Այնուհետև Աշոտ Գիզիրյանը հավելել է, որ եթե ինքը դրանում համոզված չլիներ, ապա այդ մասին չէր ասի:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը galatv.am-ի հետ զրույցում ասել էր, թե Սամվել Բալասանյանը կարծում է, որ Աշոտ Գիզիրյանն իր «անձնական կարծիքն» է արտահայտել, իսկ Սամվել Բալասանյանը, երբ ժամանակը գա, իր տեսակետը կարտահայտի:
Աշոտ Գիզիրյանն, ի պատասխան Սամվել Բալասանյանի այս պաշտոնական հայտարարությանը, ասել է. «Բա ճիշտ ա ասել, իմ կարծիքն եմ ասել, և համոզված եմ, որ ասում եմ, որ համոզված չլինեմ, չեմ ասի՝ գրե՛ք…»: