ԲՀԿ-ն «քցեց» ժողովրդին
«ԲՀԿ-ի 500.000 անդամները սպասում էին, որ Նոր տարվա ծախսերը կկարողանան ընտրությունների ընթացքում փակել՝ վստահված անձ, դիտորդ դառնալու հաշվին: Բայց օլիգարխները, որոնք իրական իշխանություն են այս երկրում, հավաքվեցին իրար գլխի և վճիռ կայացրեցին` ի՞նչ իմաստ ունի փող ծախսել, եկեք էդ փողը չծախսենք, քցենք ժողովրդին: Քցել են ժողովրդին, ազգին են քցել, Հմայակ Հովհաննիսյանին չեն քցել»,- անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին որոշմանը` 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:
Նա համոզված է, որ Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխները խորհուրդ են տվել Գագիկ Ծառուկյանին «իզուր փողեր չծախսել, միևնույնն է, չի անցնելու»:
Քաղաքագետի կարծիքով, սա ԲՀԿ-ի համար շատ լուրջ հարված էր, քանի որ ընտրություններին մասնակցելով և պարտվելով կուսակցությունը շատ ավելի քիչ կվնասեր իր վարկանիշը, քան նման որոշում ընդունելով:
«Քաղաքականության մեջ չիրականացված ցանկությունները շատ ավելի վտանգավոր են, քան իրականացվածները. կամ պետք է նախագահի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն չցուցաբերես, կամ պետք է անցնես այդ ճանապարհը սկզբից մինչև վերջ: Ցանկացած արդյունք պակաս վտանգավոր է, քան կես ճանապարհից ետ կանգնելը: Գագիկ Ծառուկյանը ցուցաբերեց ցանկություն՝ զբաղեցնելու երկրի գերագույն պաշտոնը, բայց հետո հրաժարվեց»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա համոզմամբ, այս քայլով Գագիկ Ծառուկյանը վնասեց նաև երկրի հեղինակությանը, քանի որ ընտրությունները ոչ մրցակցային դարձնելը, ինչն արեց ԲՀԿ առաջնորդը, մեծ հարված են պետությանը միջազգային ասպարեզում: