Աշխարհը 140 միլիարդ դոլարի վնաս է կրել աղետներից
Բնական և մարդածին աղետների հետևանքով համաշխարհային տնտեսության վնասները 2012 թվականին կկազմեն առնվազն 140 միլիարդ դոլար։ Նման եզրակացության են հանգել շվեյցարական Swiss Re ապահովագրական ընկերության փորձագետները։
Կորուստների ընդհանուր գումարից ապահովագրական ընկերությունները ստիպված կլինեն վճարել 65 միլիարդը։ Ինչպես նշվում է ընկերության կատարած հետազոտության մեջ, տարվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ է անցել։ Սակայն երկրորդ կեսում ապահովագրողները զգալի կորուստներ են ունեցել հիմնականում ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի և երաշտի պատճառով։
Կորուստների մեծ մասը բաժին է ընկնում ամերիկյան ապահովագրական ընկերություններին։ Միայն «Սենդիի» հետևանքով ամերիկյան ապահովագրողները պետք է վճարեն 20-25 միլիարդ դոլար։
Այդուհանդերձ, աղետների պատճառած վնասն այս տարի շատ ավելի քիչ է, քան 2011 թվականին։ Նախորդ տարի այն ռեկորդային ցուցանիշ է արձանագրել՝ 370 միլիարդ դոլար։