Բաժիններ՝

Տնօրենը յուրացրել է դպրոցի գույքն ու աշխատակիցների օգնությունը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է Հմայակ Մազմանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Հմայակ Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1989թ. աշխատելով Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2008-2009թթ. 2-րդ կիսամյակից ուսումնական հաստատության տարիֆիկացիոն մատյանները կազմելիս, քրոջ՝ Հայկուշ Մազմանյանի և աներորդի Հովհաննես Կյուրեղյանի անձնական տվյալների դիմաց գրառել է բարձր դրույքաչափ, որի հետևանքով մինչև 2010-2011 ուստարվա ավարտը վերջիններիս տրվել է նախատեսվածից 949140 ՀՀ դրամ ավել գումար: Բացի այդ, նա օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է «Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱ կազմակերպության միջոցներով 2008 թ. դեկտեմբեր ամսին «Փայտշին» ՍՊ ընկերությունից գնված ընդհանուր 484000 ՀՀ դրամ արժողության 7 հատ գրասեղանները:

Բացի այդ, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2009-2010թթ. ընթացքում շահադիտական նպատակով կազմելով դպրոցի արհեստակցական միության ժողովի արձանագրության կեղծ քաղվածքներ և դրանք ներկայացնելով ՀՀ ԿԳ աշխատողների արհմիության Սպիտակի տարածքային միություն, ստացել և խաբեության եղանակով հափշտակել է հիշյալ դպրոցի աշխատողներին որպես օգնություն տրված 120000 ՀՀ դրամը:

Հմայակ Մազմանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս