ՀՀԿ-ն գնաց զիջման
«ԱԺ կանոնակարգ-օրենքում էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ ԱԺ մեծամասնությունը որոշել է գնալ զիջումների: Շուտով իշխող կոալիցիան խորհրդարանին կներկայացնի իր առաջարկը վերոնշյալ օրինագծի վերաբերյալ:
168.am-ի տեղեկություններով՝ կոալիցիան առաջարկում է Էթիկայի հանձնաժողովի կազմը 6-ի փոխարեն դարձնել 7, որտեղ երկուսը ներկայացված կլինեն ՀՀԿ-ից, մեկը՝ ՕԵԿ-ից, մեկական ներկայացուցիչներ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից՝ ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից և «Ժառանգությունից», և մեկ ներկայացուցիչ էլ «այլընտրանքային» ԲՀԿ-ից:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Հարությունյանը ներկայացրել էին փոփոխությունների մի օրինագիծ, որի պարագայում ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը հանձնաժողովում ունենալու էին հանձնաժողովի կողմից ցանկացած որոշում տապալելու հնարավորություն:
Սակայն այս պարագայում իշխող կոալիցիան հանձնաժողովում դառնում է փոքրամասնություն, եթե իհարկե նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն ևս չդառնա իշխանության մաս:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է ԲՀԿ-ն քվեարկելու կոալիցիա կողմից ներկայացվելիք այս առաջարկին, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ համարում են, որ ՀՀԿ-ն ԱԺ գործունեության կեսից փոխել է «խաղի կանոնները»: Միաժամանակ նա նշեց, որ Էթիկայի հանձնաժողովի իրենց անդամներին հետ չեն կանչելու, և հանձնաժողովը կսկսի գործել: